Պրոբացիոն ծառայության ներդրմամբ կնվազեն կրկնահանցագործությունների դեպքերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմամբ կկրճատվի կրկնահանցագործությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Քրմոյանն ընդգծեց, որ պրոբացիոն ծառայությունների ներդրումը ենթադրում է անկախ պրոբացիոն մարմնի ստեղծում, որը կնպաստի քրեական արդարադատության անաչառ իրագործմանը և հանցագործություններ կատարած անձանց սոցիալական ներգրավվածության ապահովմանը:
«Համակարգի ներդրումը կբերի կրկնահանցագործության կանխարգելմանը: Պրոբացիոն ծառայությունների բացակայությունը հանգեցնում է նրան, որ միջդատական փուլում որպես խափանման միջոց չափից շատ է կիրառվում կալանքը: Սա համակարգի և այլընտրանքային պատժամիջոցների բացակայության հետևանքն է: Ազատազրկման ձևով կիրառվող պատիժները շատ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Քրմոյանը:
Նա ընդգծեց, որ օրենքների փաթեթը մշակված է, և հանրային խորհրդի մոտակա նիստում կքննարկվի պրոբացիոն ծառայությունների վերաբերյալ հարցը: «Ակնկալում ենք, որ սեպտեմբերին փաթեթը կներկայավի կառավարություն և ԱԺ»,-հավելեց նախարարի տեղակալը:
Պրոբացիոն գործողությունների նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել իրավախախտներին, նվազեցնել հանցագործությունների մակարդակը և բարձրացնել հասարակության ապահովության աստիճանը: Այն իրավասու կլինի իրագործել ազատազրկման հետ չկապված դատավճիռները, կվերահսկի մեծահասակ և դեռահաս դատապարտյալներին ու իրավախախտներին, ներառյալ՝ կալանավայրերից պայմանական ազատվածներին: