Լևոն Հայրապետյանը վատ է զգացել դատական նիստի ժամանակ, նիստը հետաձգվել է
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված հայ գործարար Լևոն Հայրապետյանն օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանում ընթացող հերթական նիստի ժամանակ վատ է գացել, դատարանը նիստը հետաձգել է մինչև օգոստոսի 15-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով, «РИА Новости»-ն, դատական նիստին, որի ժամանակ քննվում էր Հայրապետյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքարկման դիմումը, Հայրապետյանը մասնակցել է բանտախցից` տեսակապի միջոցով: Իր ելույթում նա նշել է անօրինականության մասին, ապա ձեռքը տարել սրտին, և գանգատվել, որ վատ է զգում իրեն: «Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել բանտում, իսկ իրենք պատրաստ են եղել շարունակելու դատարավարությունը, սակայն դատարանը որոշել է հետաձգել այն մինչեւ ուրբաթ` օգոստոսի 15-ը»,- հայտնում է «РИА Новости »-ի թղթակիցը:
Պաշտպանական կողմի համաձայն` Հայրապետյանը տառապում է սրտային առիթմիայով և սրտանոթային անբավարարությամբ: Փաստաբանները խնդրում են նրան ազատ արձակել գրավի դիմաց: Լևոն Հայրապետյանին աջակցելու նպատակով դատարան են եկել հարյուրից ավելի մարդիկ` հարազատներ և ընկերներ: Նրանք, ովքեր չեն տեղավորվել դատարանի դահլիճում, նիստին հետևել են հեռարձակման միջոցով:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:
Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: