Հասարակական

«Բազե» համահայկական հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ

3 րոպեի ընթերցում

«Բազե» համահայկական հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորն իր հարկի ներքո օգոստոսի 18-24-ը կհյուրընկալի բազեականներին: «Բազե» համահայկական հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ: Իրադարձությանը կմասնակցեն մարզերի, Երևանի, Արցախի, Սփյուռքի, Ջավախքի, բուհերի, ոստիկանության, ռազմական ինստիտուտի, Գևորգյան ճեմարանի, «Փյունիկ» հաշմանդամների միության, երիտասարդ երկրապահների, լրագրողների և այլ ջոկատներ: Հավաքն ամեն տարի կազմակերպում և իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը «Բազե»-ի մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում շնորհավորեց բոլորին երիտասարդների միջազգային օրվա առթիվ:

«Բազե»-ն այս տարի ևս կծառայի իր նպատակներին: Մենք ձգտում ենք, որ երիտասարդներն իրենց հետ տանեն կարևոր արժեքներ: Այս տարվա «Բազե»-ն ունի առանձնահատկույթուններ: Բազեականների հետ կաշխատեն Պաշտպանության նախարարության մասնագետները, որոնք կսովորեցնեն երիտասարդներին տարբեր հմտություններ, որ անհրաժեշտ են այսօր: Բացի այդ, մրցույթի շապիկների վրա պատկերված է Հայոց ցեղասպանության լոգոն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արուսյակ Պողոսյանը: Նա հավելեց, որ «Բազե»-ն ՊՆ-ի հետ ամեն տարի համագործակցում է, և այս տարի այդ համագործակցությունն ընդլայնվել է:

«Այս տարի ունենք նաև լրագրողների ջոկատ՝ ինը լրագրողով: Ցանկանում ենք, որ լրագրողներն էլ մրցեն և մասնակցեն»,-նշեց Պողոսյանը:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանն ընդգծեց, որ իրադարձությունը շատ կարևոր է հատկապես երիտասարդների համար: «Բազե»-ն համախմբում է երիտասարդներին, և այդ կապը շարունակվում է: Ուզում ենք այս տարի հավաքի փակումն անցկացնել Ծաղկաձորի հրապարակում, որպեսզի ծաղկաձորցիներն էլ մասնակցեն գալա-համերգին»,-նշեց Գաբրիելյանը:

«Բազե-նորաձևություն» մրցույթի ժյուրիի նախագահ, դիզայներ Արամ Նիկոլյանն էլ փաստեց, որ նորաձևության մրցույթն ամենակարևոր փորձություններից մեկն է, որտեղ հնարավոր է տեսնել ստեղծարար մտքեր ու գաղափարներ:

«Բազե»-ն հագեցած է մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներով: Ավանդական մրցույթներին այս տարի կավելանա փեյնթբոլի միջճակատային խաղը: Մրցույթներին զուգահեռ կանցկացվեն հանդիպումներ հասարակական, մշակութային, քաղաքական, պետական գործիչների հետ:

«Բազե» երիտասարդական հավաքը հիմնվել է 2002 թվականին։ Երիտասարդական այս նախաձեռնությանը մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ 12-ամյա պատմություն ունեցող «Բազե»-ն անցկացվում է ամեն տարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում