Մշակույթ

Արագածոտնի Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթի ծածկը կվերանորոգվի մինչև տարեվերջ

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթի ծածկը կվերանորոգվի մինչև տարեվերջ

ՈՍԿԵՎԱԶ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 30-ին Արագածոտն մարզ շրջայցի շրջանակներում այցելեց Ոսկեվազ գյուղ՝ ծանոթանալու տեղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակառուցման աշխատանքներին:

Եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել են 2005թ-ին: Հեռացվել են 19-րդ դարի կցակառույցի պատերն ու սյուները, և ամբողջական վերականգնման մեթոդի ընտրության արդյունքում ստացվել է Առուճի, Պտղնու և Դդմաշենի կենտրոնագմբեթ դահլիճ եկեղեցիների տիպին պատկանող եւս մեկ հուշարձան:

«Եկեղեցու արևելյան պատը հանդիսանում է յոթերորդ դարի կառույց, մնացած հատվածը գյուղի բնակիչները 19-րդ դարում իրենց հոգևոր կարիքները հոգալու համար կառուցել են ցեխաշեն զանգվածից: Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել էր պահեստի, կինոթատրոնի: 2004թ-ին եկեղեցու հողաշեն պատերից մեկը փլուզվեց, ինչից հետո գյուղապետի օգնությամբ կառավարությանը խնդրանք էր ներկայացվել` միջոցներ հատկացնել եկեղեցու վերականգնմանը: Այս տարի ծրագրում ենք վերջացնել գմբեթի ծածկը», - լրագրողներին հայտնեց եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Լեղղուկ» ՓԲԸ տնօրեն Լեվիկ Ղուկասյանը:

Նա հավելեց, որ աշխատանքների ամբողջ գումարը տրամադրվել է Մշակույթի նախարարության կողմից: Սակայն եկեղեցու վերականգնումն ավարտին հասցնելու համար պահանջվում է ընդհանուր առմամբ 130 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում, ըստ ծրագրերի, սպասվում է 14 միլիոն դրամի փոխանցում:

Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրման մատենագրական նյութեր չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական լուծումների վերլուծության արդյունքում պարզվել է, որ այն հիմնադրվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր դահլիճ եկեղեցիների տիպին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում