Մշակույթ

Առաջին անգամ հրատարակման է պատրաստվում հայ երաժշտության հանրագիտարան

2 րոպեի ընթերցում

Առաջին անգամ հրատարակման է պատրաստվում հայ երաժշտության հանրագիտարան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռնարկել է «Հայ երաժշտության հանրագիտարանի» ստեղծումը և հրատարակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանրագիտարանի հրատարակումը բացառիկ է նրանով, որ մինչ օրս մեզանում գոյություն չունի նման համապարփակ հրատարակություն:

Այս նպատակով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ:

Հուլիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրվել է հանձնաժողովի առաջին նիստը. ներկայացվել է նախարարության հանձնարարությամբ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից պատրաստված նախագիծը, որի շուրջ տեղի ունեցած մտքերի փոխանակության և առաջարկությունների քննարկմամբ` ճշտվել է հանրագիտարանի կառուցվածքի և թեմատիկ բառացանկի սկզբունքները, ինչպես նաև ընթացիկ կազմակերպչական հարցեր:

Երաժշտական հանրագիտարանները, ինչպես և առհասարակ հանրագիտարանները, նշանակալի ներդրում են համաշխարհային մշակույթի պատմության մեջ և համարվում են ազգային հարստության անքակտելի մաս: Երաժշտական հանրագիտարաններ ունեն գրեթե բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները` երաժշտության պատմության համաշխարհային գործընթացներում շեշտելով նաև սեփական ժողովրդի ձեռքբերումներն այդ ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում