Հասարակական

Հայաստանից Ուկրաինա չվերթներ իրականացնող միակ ավիաընկերությունը փոխել է օդային երթուղին

2 րոպեի ընթերցում

Հայաստանից Ուկրաինա չվերթներ իրականացնող միակ ավիաընկերությունը փոխել է օդային երթուղին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության չվերթների նոր երթուղին շրջանցում է Ուկրաինայի արևելյան հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեցին ավիաընկերությունից, թռիչքները կկատարվեն Ուկրաինայի հարավում ծավալվող իրադարձությունների գոտուց 200 կմ հեռավորությամբ:

«Ուղևորների անվտանգության պահպանման նպատակով ընկերությունը փոփոխել է Ուկրաինայի տարածքով երթուղին: Ներկայում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ներքին և արտաքին, կանոնավոր և չարտերային բոլոր չվերթները կատարվում են ծրագրված կարգով, և ավիաընկերությունը հանձն է առնում է իր ուղևորների նկատմամբ բոլոր պարտավորությունները: Օդային երթուղիների փոփոխությունը, սակայն, կարող է հանգեցնել չնչին ուշացումների»,- հաղորդում են ավիաընկերությունից:

Ավելի վաղ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը` պատասխանելով «Արմենպրես» հարցին, թե ինչպես են կարգավորվելու Հայաստանից Ուկրաինա չվերթները, երբ շատ միջազգային փոխադրողներ հրաժարվել են չվերթներ իրականացնել ուկրաինական տարածքով, նշել էր, որ Հայկական ավիափոխադրող «AIR Armenia» ընկերությունն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում: Իսկ միջազգային փոխադրողներն իրենք պետք է որոշեն չվերթների երթուղիները:

Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ուկրաինա-ռուսաստանյան սահմանից ոչ հեռու հուլիսի 17-ի երեկոյան վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը: Ինքնաթիռում եղել է 295 մարդ, բոլորը զոհվել են: Ավիավթարից հետո հայտարարվեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման հատվածներում կարող են փակվել օդային միջանցքները քաղաքացիական ավիացիայի համար։ Իսկ ավելի ուշ որոշ ավիաընկերություններ հայտարարեցին, որ դադարեցնում են չվերթները Ուկրաինայի տարածքով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում