«Ալյանս» ԱՏԳ-ում մասնավորը դեղագործության բնագավառում կիրականացնի 4,5 մլն եվրոյի ներդրումային ծրագիր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն` դեղագործական գործունեություն իրականացնելու համար: Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 17-ի նիստի օրակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանված է 3 տարի` երկարաձգելու հնարավորությամբ:
«Ֆարմատեք»-ը նախատեսում է կատարել 4,5 մլն եվրոյի ներդրում` ներարկման դեղամիջոցների արտադրություն կազմակերպելու համար: Ընկերությունն արդեն իսկ կատարել է մոտ 1,2 մլն եվրոյի ներդրում սարքավորումների և «մաքուր տարածքների» մեջ` նպատակ ունենալով ընդլայնելու ներկայիս ապրանքատեսականին` ներառելով աչքի կաթիլներ և հաբեր: ԱՏԳ-ում գործունեության առաջին 5 տարիների ընթացքում ընկերության հաստիքացուցակը կավելանա` հասնելով 94 աշխատակցի, իսկ պլանավորված աշխատավարձի մակարդակը կլինի շարունակական միջինից բարձր:
«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Հայաստանի կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է ազատ տնտեսական գոտի, որը 2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվել է որպես «Ալյանս» ազատ տնտեսական գոտի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս սկսել ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն ստանալու համար հայտերի ընդունման գործընթացը: Ներկա դրությամբ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն են իրականացնում երկու շահագործողներ: