2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտն սպասարկող ֆակուլտետներում ավելացվել է պետական պատվերների տեղերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը: «ՏՏ ոլորտը սպասարկող ֆակուլտետներում մեծ հոսք կա, մենք ավելացրել ենք պետական պատվերի տեղերը: Ակնհայտ է, որ դաշտում հսկայական և բեկումնային շարժ կա, ուրախ եմ, որ դա այն ոլորտներից մեկն է, որտեղ մասնավոր և պետական համագործակցությունը հաջողություններ է գրանցում: Սա այն լավ օրինակն է, որը պետք է տարածել այլ հատվածների վրա: Ցավոք, ոչ բոլոր գործատուներն ունեն մարդկային կապիտալի նման արժևորում: IT ոլորտի ընկերությունների հարստությունը մարդն է իր մասնագիտական կարողություններով: Եթե այդ մարդը լավ մասնագետ չլինի, իրենք շահույթ չեն ստանա: Ցավոք, մնացած դաշտերում այդպես չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնավոր հատվածի (վերազգային ընկերությունների) հետ համատեղ իրականացվում են մի շարք լայնածավալ ծրագրեր, որոնք նպաստում են ոլորտում նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, կադրերի վերապատրաստմանը և այլ կարևոր նախաձեռնությունների իրագործմանը: Հատկանշական է համագործակցությունը «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս» «Նոկիա», «Ինթել», «Սիսկո», «ԱյԲիԷմ», «ՋիԷֆԱյ» և այլ առաջատար անդրազգային ընկերությունների հետ: