Իրավունք

Կայացել է ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստը

3 րոպեի ընթերցում

Կայացել է ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած, Երևան ժամանածպատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 7-ին կայացած նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը:

Նիստին մասնակցեցին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից և Ռուսաստանի ՆԳ նախարարությունից, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ապարատի վարչությունների պետերը:

Օրակարգը բաղկացած էր երկու հարցից. Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳ նախարարության փոխգործակցության վիճակը՝ հետախուզման մեջ գտնվող, հետաքննությունից, նախաքննությունից ու դատաքննությունից խուսափող անձանց հայտնաբերման ու ձերբակալման, անհայտ կորած քաղաքացիների որոնման և չճանաչված դիակների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Մյուս հարցով քննարկվեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2015թ. աշխատանքային պլանի նախագիծը:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան.

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը,

Ռուսաստանի ՆԳ նախարարությունից՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գոլովանովը:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում քննարկվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությունը հետախուզման մեջ գտնվող, հետաքննությունից, նախաքննությունից ու դատաքննությունից խուսափող անձանց հայտնաբերման ու ձերբակալման, անհայտ կորած քաղաքացիների որոնման և չճանաչված դիակների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նշվեց, որ այդ ոլորտում ակնհայտ է երկու գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման միտումը:

Քննարկման արդյունքներով ընդունվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ համատեղ որոշում:

Երկրորդ հարցի շրջանակում հաստատվեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2015 թվականին, Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Նիստի ավարտից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպեցին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում