Հայ ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհական Կատովիցե քաղաքում հունիսի 17-22-ը կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ըստ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչԱրմեն Բաբալարյանի, իրենք հունիսի 8-ից սկսել են այդ կարևորագույն ստուգատեսի նախապատրաստության ավարտական փուլը: Աբովյանի մարզահամալիրում Բաբալարյանի, նրան օգնող 2-րդ մարզիչՄովսես ԿարապետյանիևՍեյրան Գևորգյանիգլխավորությամբ 22 ըմբիշներ մասնակցում են ուսումնամարզական հավաքի, որը տևելու է մինչև հունիսի 18-ը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնելու հունիսի 19-ին, մեկ օր անց կլինի ըմբիշների կշռման արարողությանը, իսկ բուն մրցաշարը կընթանա արդեն հունիսի 21-22-ին: Բաբալարյանի խոսքով, մինչ աշխարհամասի ուժեղագույն ըմբիշների պատասխանատու այս ստուգատեսին մասնակցելը կազմակերպվել են մի քանի ուսումանամարզական հավաքներ, հավաքականի թեկնածուները մասնակցել են միջազգային մի քանի մրցաշարերի, որոնք թույլ են տվել լավագույնս նախապատարստվել առաջնությանը, այսինքն` մարզաձևի Հայաստանի ֆեդերացիան ստեղծել է անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի երիտասարդ ըմբիշները կարողանան հաջողությամբ հանդես գալ Կատովիցեում:
Լեհական մրցագորգում մեր երկրի մարզական պատիվը վստահվել է պաշտպանելու Հայաստանի երիտասարդական առաջնությունում իրենց լավագույն կողմերով դրսևորած ու չեմպիոնի կոչման արժանացած հետևյալ 8 ըմբիշներին՝ Մուրադ Հարությունյան (50 կգ, ՕՀՔ, Էջմիածին), Արթուր Սիմոնյան (55 կգ, ՖԻՄԱ, Ջրվեժ), Գևորգ Ղարիբյան (60 կգ, ՕՀՔ, ՀՄՄ), Հրանտ Կալաչյան (66 կգ ,Գյումրի, ՕՀՔ), Արմեն Հակոբյան (74 կգ, ՖԻՄԱ, Քանաքեռ-Զեյթուն), Վարուժան Գրիգորյան (84 կգ, Գյումրի, ՔԴ), Կարեն Աբգարյան (96 կգ, ԲԿՄԱ, Էջմիածին), Էդգար Խաչատրյան (120 կգ, Գյումրի, Աշխատ ռեզ): Հիշեցնենք, որ Կատովիցեում առաջինը՝ հունիս 17-18-ին մրցագորգ են ելնելու ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: