Իրավունք

Գալուստ Սահակյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջարկեց Արայիկ Թունյանի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջարկեց Արայիկ Թունյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնի համար առաջարկեց Արայիկ Թունյանի թեկնածությունը:Պաշտոնը թափուր է ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի լիազորությունների ավարտից հետո:«Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջարկում եմ Արայիկ Թունյանի թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գալուստ Սահակյանը:

Արայիկ Թունյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է ողջ պատասխանատվությունը և պատրաստ է այդ պատասխանատվության գիտակցումով զբաղեցնել ՍԴ անդամի թափուր տեղը:

Սահմանադրական դատարանի անդամի նշանակման քվեարկությունը կանցկացվի հունիսի 9-ին` ժամը 13:30-14:30-ը: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Տեղի է ունեցել հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում Սահմանադրական դատարանի անդամի նշանակման քվեարկության կազմակերպման հարցն էր: Որոշվել է փակ քվեարկությունն անցկացնել Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում ժամը 13:30-14:30-ը»,- ասաց Ավետիսյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Արայիկ Թունյանի թեկնածությանը:

Արայիկ Թունյանը ծնվել է 1966թ. Ստեփանավանում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, զբաղեցնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում