Սփյուռք

Հալեպում ևս 5 հայ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում ևս 5 հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունիսի 1-3-ը հրետակոծման հետևանքով հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Վիրավորների անուններն են՝ Մարիա Խաչերյան-Չիլինկիրյան, Լևոն Չերչյան, Թալի Մինասյան, Անի Մահսերջյան և Հովսեփ Դեմիրճյան: Բարեբախտաբար, նրանց վիճակը մտահոգիչ չէ:

Այսօր՝ հունիսի 5-ին, Նոր Գյուղ 2 հրթիռ է ընկել, որոնք բարեբախտաբար, չեն պայթել:

Հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և, մասնավորապես, հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումները, որոնց կարևոր մասը թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերն են, տարբեր տեսակի կործանարար հրթիռներ և հրասանդներ են տեղացել: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ:

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

ՀՀԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մեկնաբանել է վերջին օրերին Հալեպում ստեղծված իրավիճակը: Նահայտարարել է. «Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։

Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապապաղ դադարեցումն է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում