Դիդիե Բուրկհալտերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Դիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:





