6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանալ-Հարավային թակարդ» լոկալ հակաթմրանյութային գործողությունը, որը տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ պետությունների շրջանակում, այս տարի անց է կացվել մայիսի 20-ից մինչև մայիսի 25-ը: Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացած` միջոցառման արդյուքների ամփոփմանը մասնակցել են ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների մեկական ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, գործողությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով իր աշխատանքները վերսկսել է «Կանալ» հակաթմրանյութային ազգային միջգերատեսչական շտաբը և հաստատվել են գործողության օրացուցային պլանն ու գործողության մտահաղացումը:
Ստեղծվել են 14 միջգերատեսչական համատեղ օպերատիվ խմբեր, որոնք տեղակայվել են ՀՀ սահմանային մաքսային անցակետերում` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում, Բավրա, Գոգավան, Պրիվոլնոե, Մադան, Ջիլիզա, Բագրատաշեն, Մեղրի սահմանային անցակետերում, երկաթգծի «Այրում» կայարանում, Պրիվոլնոե-Սարչապետ (Լոռու մարզ), Պաղաղբյուր-Ձյունանուշ-Մեծավան-Ձորամուտ (Լոռու մարզ), Պտղավան-Հաղթանակ-Բերդավան (Տավուշի մարզ), գ. Հաղթանակ, Ձորակերտ-Ծաղկուտ (Շիրակի մարզ) սահմանային հատվածներում, Մեղրի-Գորիս մայրուղու ժամանակավոր ավտոկայանատեղում (Սյունիքի մարզ), ինչպես նաև Երևան քաղաքում:
Գործողությանը մասնակցել են ընդհանուր առմամբ 1339 ծառայողներ, որոնցից 1201-ը` ՀՀ ոստիկանությունից, 17-ը` ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեից, 14-ը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, 7-ը` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից, 100-ը` ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունից և 2-ը` ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից: Բոլոր օպերատիվ խմբերն ապահովված են եղել կապի միջոցներով:
Գործողության ընթացքում ստուգման են ենթարկվել օդանավակայաններում` 302 չվերթի 21023 ուղևորի (որից 9832-ը` օտարերկրացի) 413 տոննա ուղեբեռերը, երկաթգծի կայարանում` 29 բեռնատար և 5 մարդատար գնացք,սահմանային անցակետերում, մայրուղիներում, քաղաքներում և շրջանցիկ հատվածներում` 20911 տրանսպորտային միջոց, 51356 ուղևոր (որից 13417-ը` օտարերկրացի):
Արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 24 դեպք (քրեական պատասխանատվության է ենթարկվել 24 անձ):Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 1 կգ 104 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, որից 37.8 գրամ «ափիոն», 34.7 գրամ «մարիխուանա», 4.7 գրամ «հաշիշ», 0.36 գրամ «բուպրենորֆին», 26.4 գրամ «դեզոմորֆին», 1 կգ «կանեփ» տեսակի թմրամիջոց, 181 հատ հոգեմետ դեղահաբ:Բացահայտվել է նաև տարբեր հանցագործությունների 35 դեպք, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 5 ատրճանակ, 1 ինքնաձիգ, 11 ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 2769 փամփուշտ, 8 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, 3 ական, 1 դինամիտ, 5 սառը զենք, 2 կռփազենք: Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 30 անձ:
«Կանալ-Հարավային թակարդ» լոկալ հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգող շտաբի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը, իսկ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերում ընդգրկված հատուկ նշանակության ստորաբաժանումների գործնական և օպերատիվ-մարտական պատրաստականության գործողություններին` Տաջիկստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության սահմանին հարող լեռնային պայմաններում մասնակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մուրադյանը:
Հակաթմրանյության միջոցառումներն իրականացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հավաքական անվտանգության խորհրդի 2008թ. սեպտեմբերի 5-ի որոշման և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2014-2015 թթ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն:
Գործողության նպատակն է կանխել մաքսանենգ ճանապարհով աֆղանական թմրամիջոցների հոսքը դեպի ՀԱՊԿ անդամ պետությունների, այդ թվում` Մաքսային դաշինքի մասնակից պետությունների տարածք, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի պատրաստման ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման դեպքերի կանխումը, ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելը, ինչպես նաև իրականացնել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերում ընդգրկված հատուկ նշանակության ստորաբաժանումների գործնական և օպերատիվ-մարտական պատրաստականության գործողությունները Տաջիկստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության սահմանին հարող լեռնային պայմաններում: