«Այն, ինչ նոր է, չպետք է ժխտի հինը». ԵԹԿՊԻ նոր ռեկտոր Դավիթ Մուրադյանը լի է նոր գաղափարներով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթանասունամյա ավանդույթներ ունեցող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նորանշանակ ռեկտոր, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ ունի հատկապես մոտակա երկու տարիների համար: «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում ԵԹԿՊԻ նորընտիր ռեկտորը նշեց, որ արվեստի բուհի խնդիրն է ձևավորել գեղարվեստական անհատականություններ և օգնել, որ նման անհատականությունները կայանան, ինչպես նաև կրթվեն որպես գրագետ պրոֆեսիոնալներ:

«Մեր կրթօջախն այս տարի նշում է ստեղծմանը 70-ամյակը: Սա նշանակում է, որ մի հսկայական ավանդույթների ժառանգություն և հարստություն ունենք: Միևնույն ժամանակ`բարեփոխումներ: Սա էլ իր հերթին նշանակում է նոր իրողություններ և դրանցից բխող նորացվող ուսումնակրթական քաղաքականություն: Այս համատեքստում առաջին քայլերի մասին դժվար է խոսել, որովհետև արդեն մեկուկես ամիս է`ռեկտորի պաշտոնակատարն էի, և որոշ նախապատրաստական քայլեր կատարված էին: Մեր խնդիրն է այնպիսի մի սերունդ նախապատրաստել, որը կարողանա մշակույթ թելադրել շուկայում: Սովորաբար շուկան է թելադրում մշակույթ, բայց եկել է հակառակ գործընթացի ժամանակը»,-ընդգծեց Մուրադյանը:

ԵԹԿՊԻ ռեկտորը, հենվելով սերունդ կրթող վարպետների վրա, ցանկություն ունի նաև համալսարան ներգրավել նոր մասնագետների, որոնք վերջին 15-20 տարիների ընթացքում կայացել են թատրոնի և կինոյի բնագավառներում: «Ժամանակն է, որ իբրև այս շրջանի մարդիկ, իրենք աշխատեն երիտասարդների հետ: Այստեղ հավասարակշռված քաղաքականություն է պետք, որովհետև այն, ինչ նոր է, չպետք է ժխտի հինը, այլ պետք է դրան ինչ-որ բան ավելացնի»,-նշեց ռեկտորը:

Դավիթ Մուրադյանը ցանկանում է ուսանողների մասնագիտական կրթությունը համատեղել արտադրատեխնիկական պրակտիկայի հետ: «Մենք ինստիտուտի տարածքում ունենք 500 քմ տարածք` ուսումնական կինո-հեռուստաստուդիա ստեղծելու համար: Փորձում ենք այդ տարածքում կազմակերպել ստուդիա, որը ծախսեր պահանջում է, և ինստիտուտի ֆինանսական հնարավորություններից վեր է, սակայն պիտի փորձենք գտնել պետական և մասնավոր աջակցություն: Հույս ունենք 1-1,5 տարվա ընթացքում այն ունենալ: Շատ կարևոր համալիր է, ամբողջ աշխարհում բուհական հաստատություններն ունեն նման կենտրոններ: Հնարավոր է նաև պատվերներ ընդունենք, որը պակաս կարևոր չէ: Միայն լսարանում հնարավոր չէ ամեն ինչ սովորել: Զուգահեռաբար ցանկանում ենք ստեղծել ուսանողական թատրոն: Բուհում գործում է ուսումնական թատրոնը, որն օգնում է դիպլոմային ներկայացումներ կազմակերպել, իսկ ուսանողական թատրոնը պարբերաբար ներկայացումներ է տալու»,-հավելեց Դավիթ Մուրադյանը:

Ռեկտորը կարևորում է նաև միջբուհական և միջազգային կապերը: Ռուսական երկու հայտնի բուհերի` Թատերական արվեստի ռուսական համալսարանի և Ս. Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի հետ նախնական պայմանավորվածություն կա դասախոսների փոխայցերի և հատուկ դասընթացների կազմակերպման վերաբերյալ: «Հորիզոնները մշտապես պետք է ընդլայնել»,-համոզված է Մուրադյանը:

Բացի այդ, կզարգանա բուհի գիտական վեկտորը, կկազմակերպվեն գիտական նստաշրջաններ: Բուհում առկա են ուսումնական ծրագրերի հարստացման որոշակի խնդիրներ, անհրաժեշտ են փոփոխություններ և վերանայումներ:

Այժմ բուհում պատրաստվում են ընդունելության քննությունների: Շուտով մի քանի տասնյակ պատանիներ ոտք կդնեն ԵԹԿՊԻ և կդառնան 70-ամյա բուհի ավանդույթների շարունակողները:

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել այսօր` հունիսի 2-ին: Նրա օգտին քվեարկել են բուհի կառավարման խորհրդի անդամները. քվեարկությանը մասնակցել է 23 անդամ, քանի որ մեկը գտնվում էր արտասահմանում: Մուրադյանին դեմ է քվեարկել մեկ մարդ, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Այսպիսով, նոր ռեկտորին կողմ է քվեարկել խորհրդի 21 անդամ:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English Русский

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը