Իրավունք

Գլխավոր դատախազը մասնագիտացված զինվորական դատարանի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

4 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը մասնագիտացված զինվորական դատարանի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համոզված է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումերն անհրաժշետություն են: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, փաստաբանների պալատում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Ես կուզեի այսօր կենտրոնանանք սահմանադրական յուրաքանչյուր ոլորտի բարեփոխման վրա առանձին-առանձին: Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների հիմնական մասը, որը արտացոլված չէ հայեցակարգում, կառուցված է այն սկզբունքի վրա, որ փուլ առ փուլ, ոլորտ առ ոլորտ քննարկենք` ի՞նչ խնդիրներ ունենք սահմանդրական կարգավորման մեջ, սահմանադրական կարգավորման գործնական կիրառման մեջ, և արդյոք հնարավոր չէ առկա խնդիրները լուծել օրենսդրական մակարդակով, իրավակիրառ պրակտիկայի բարեփոխման մակարդակով: Այլ կերպ ասած`մեր հիմնական խնդիրն է եղել իդենտիֆիկացնել յուրաքանչյուր ոլորտում առկա այն խնդիրները, որոնք, մեր պատկերացմամբ, հնարավոր չէ լուծել ընթացիկ օրենսդրական նորմերի կամ պրակտիկայի կատարելագործման եղանակով: Սրան հետևել են այն լուծումները, որոնք կհանգեցնեն մեզ համար ցանկալի արդյունքի»,-նշեց գլխավոր դատախազը` հավելելով, որ Հայաստանում հասարակական հարաբերությունների դինամիկան է ցույց տվել, որ ընթացիկ եղանակով, դատական նախադեպերով, օրենքներ, կառավարության որոշումներ փոխելով, հնարավոր չի լինում ապահովել այն ցանկալի արդյունքը` ոլորտային և խմբային, որը մեզ համար իրոք կարևոր է:

«Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների, ազատությունների և պարտականությունների գլուխն իրոք վերափոխման կարիք ունի` թե իրավունքների հստակ թվարկման, և թե սահմանափակումների հստակեցման, որոշակիության և կանխատեսելիության տեսանկյունից, հատկապես»,-ասաց Գևորգ Կոստանյանը:

Անդրադառնալով դատական իշխանության կառուցվածքի և գործառույթների ոլորտին` Գևորգ Կոստանյանը ասաց, որ ընթացիկ Սահմանադրությամբ, նշված են դատարանների հայեցողության սահմանները, բայց հայաստանյան իրականության մեջ այդ հայեցողության սահմաններն էլ անսահման են, անորոշ և ոչ հստակ, որոնք հստակեցման կարիք ունեն:

«Ես ինքս կարծում եմ, որ դատական համակարգի կառուցվածքի փոխոփության կարիք կա: Փորձեմ տեղայնացնել, օրինակ, մեր երկրի համար մասնագիտացված զինվորական դատարանի անհրաժեշտություն կա: Այո, կարող է ժամանակ անցնել, մենք զինվորական դատախազության անհրաժեշտություն էլ չունենանք, բայց իրավիճակը բերում է այնպիսի հանգուցալուծումների, որ մենք ստիպված ենք կատարել համակարգային փոփոխություններ, որպեսզի դրանք հանգեցնեն գործնական իրավունքի կատարելագործմանը»,-եզրափակեց գլխավոր դատախազը:

Մայիսի 30-ին ՀՀ փաստաբանների պալատում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի և գլխավոր դատախազի մասնակցությամբ փաստաբանները քննարկում ծավալեցին սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում