Իրավունք

ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն

8 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը՝ Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ, մայիսի 12-ից 15-ը ճանաչողական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, այցը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ոստիկանության եւ Ֆրանսիայի ՆԳ նախարարության համագործակցության ծրագրի շրջանակներում, բավական հագեցած է եղել թե՛ մասնագիտական հանդիպումների լայն շրջանակով ու պրոֆեսիոնալիզմով, թե՛ հայ եւ ֆրանսիացի ոստիկանների աշխատանքը համադրելու, առանձնահատկությունների ընդգծման ու փորձի փոխանակման հնարավորությամբ:

Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը նախ այցելել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության հասարակական կարգի պահպանության ու երթեւեկության վարչություն եւ հանդիպում ունեցել Փարիզի եւ կից շրջանների անվտանգության շտաբի կոմիսար Ադամ Ֆլորանսի հետ: Տեղեկատվական եւ Ղեկավարման սրահում տիկին Ֆլորանսը հայ գործընկերներին է ներկայացրել կառույցի խնդիրներն ու աշխատանքային սկզբունքները: Վարչությունն իրականացնում է հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման գործառույթներ: Իրավիճակը վերահսկվում է տեսախցիկներով. համապատասխան տեղամասերում դիտարկվում է թե՛ ոստիկանների ծառայությունը, թե՛ հասարակական կարգի պահպանումն ընդհանրապես: Տեսախցիկների գործարկումը սկսվել է 2011 թվականից, ներկայումս Փարիզում հասարակական կարգի վերահսկում է իրականացվում շուրջ հազար տեսախցիկներով, իսկ ճանապարհային երթեւեկության վերահսկման մեջ ներգրավված է 14 հազար տեսախցիկ: Միայն վերջին երկու տարում տեսագրությունների միջոցով բացահայտվել է շուրջ 7 հազար հանցագործության դեպք:

Կոմիսար Սիմոնենը հայ գործընկերներին հրավիրել է Հասարակական կարգի ապահովման հարցերով տեղեկատվական եւ ղեկավարման կենտրոն՝ աշխատանքի մեջ ներկայացնելու տեսադիտարկման համակարգի հնարավորությունները: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այդ պահին Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներից մեկում մի խումբ մարդի ցույց են արել, եւ տեսախցիկները հնարավորություն են տվել լիարժեք դիտարկելու թե՛ ակցիայի ընթացքը, թե՛ մասնակիցների վարքագիծը:

Հաջորդ օրը հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ոստիկանության Տեղեկատվության եւ հաղորդակցության վարչությունում:Հայկական պատվիրակությանն ընդունել են Ֆրանսիայի ՆԳՆ ներկայացուցիչ, քաղաքացիական հարցերով ադմինիստրատոր Դավիդ Ժույաղը եւ նրա տեղակալ, ՆԳ նախարարության խոսնակ Պիեռ Անրի Բրանդեն: Ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են վարչության խնդիրները՝ համագործակցություն զանգվածային լրատվության միջոցների հետ եւ ներքին գործերի նախարարի խոսնակի գործառույթի իրականացում: ԶԼՄ-ների հետ կապը հիմնականում պահպանվում է էլեկտրոնային փոստի միջոցով: Լրատվության կարեւոր բաղադրիչն է նախարարության կայքէջը, որն ունի 6 միլիոն այցելու, բացի այդ, նախարարությունը ներկայացված է Ֆեյսբուքում, Թվիտերում եւ այլ սոցցանցերում:Վարչությունը զգալի աշխատանք է կատարում նաեւ հանցագործությունների կանխարգելման ոլորտում՝ նշել է հաղորդակցության հարցերով վարչության պետի տարածքային տեղակալ Նիկոլա Վեյը՝ ներկայացնելով ֆոտո եւ տեսանյութերի հարուստ պահոցը:

Տեղեկատվության եւ հաղորդակցության հարցերով պատասխանատու Ֆիլիպ Գիղոն ներկայացրել է հանցագործությունների կանխարգելման բնագավառում իրականացվող աշխատանքը: Ստորաբաժանումը, մասնավորապես, պատրաստում է հանցավորությանը վերաբերող տեսանյութեր, լուսանկարային հավաքածուներ, բուկլետներ, որոնք, համապատասխան մեկնաբանություններով, տրամադրվում են քաղաքացիներին պրեֆեկտուրաներում, ուսումնական հաստատություններում, իրավապահների կողմից պարբերաբար կազմակերպվող «բաց դռների» օրերին:

Մայիսի 15-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Անվտանգության հանրապետական ջոկատների կենտրոնական վարչությունում եւ հանդիպել է Փարիզի անվտանգության հանրապետական ջոկատների տարածքային ղեկավար Ժան-Ֆրանսուա Բասի եւ ջոկատների տարածքային վարչության շտաբի պետ, կոմիսար Յանիկ Լը Գենի հետ:

Կոմիսար Լը Գենը հյուրերին ներկայացրել է հասարակական կարգի պահպանման բնագավառի իրավական շրջանակը, անվտանգության հանրապետական ջոկատների գործունեության դոկտրինը, ամբոխների կառավարման ոլորտում Ֆրանսիայի փորձը: Կոմիսարը նշել է, որ 1944 թվականին ստեղծված կառույցը Ազգային ոստիկանության կազմի մեջ է, հիմնականում որպես օժանդակ ուժ է օգտագործվում զանգվածային միջոցառումների ժամանակ, իսկ 1-ին ջոկատն ապահովում է հանրապետության նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը:

Յանիկ Լը Գենը հավելել է, որ հանրապետական ջոկատներն ընդգրկված են նաեւ հանցագործությունների կանխարգելման գործում: Մասնավորապես, Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր խնդիր դարձած բնակարանային գողությունների ակտիվացման պայմաններում ջոկատայինները կանխարգելիչ աշխատանք են իրականացնում համապատասխան տեղամասերում:

Ֆրանսիացի գործընկերները հայկական պատվիրակության անդամներին են ներկայացրել հատուկ տեխնիկան, ոստիկանական սպառազինությունն ու պաշտպանական միջոցները, գործողությունների ընթացքում օգտագործվող տրանսպորտային միջոցները եւ այլն:

Ֆրանսիայի Շարժական ժանդարմերիայի զրահավորման խմբավորում կատարած այցի ժամանակ հրամանատար, գնդապետ Քսավյե Լըժոնը հայ ոստիկաններին է ներկայացրել կառույցի պատմությունը, խմբավորման կառուցվածքը, գործառույթները, հատուկ միջոցները: Խմբավորումը, որն ունի 13 հազար զինծառայող, կազմավորվել է 1934 թվականին, փարիզյան խռովության օրերին, եւ այսօր օգտագործվում է ոչ միայն որպես ոստիկանության օժանդակ ուժ հասարակական կարգի պահպանման ընթացքում, այլեւ մասնակցում է խաղաղապահ գործողությունների աշխարհի թեժ կետերում՝ Կոսովո, Աֆղանստան, Կոտ դը Իվուար: Ներկայումս 40 ֆրանսիացի ժանդարմ գործուղված են Կենտրոնական Աֆրիկա:

Հայ ոստիկաններն այցելել են նաև Շարժական ժանդարմերիայի խմբավորման թանգարան, մասնակցել տեխնիկայի եւ հատուկ միջոցների անշարժ ցուցադրությանը, գնահատել ֆրանսիացիների՝ հատուկ միջոցներին, մասնավորապես, ռետինե մահակին տիրապետելու հմտությունը, որն, ի դեպ, լայնորեն կիրառվում է զանգվածային անկարգությունների ընթացքում ագրեսիվ իրավախախտներին չեզոքացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը Երեւան է վերադարձել մայիսի 16-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում