Տնտեսություն

Սերժ Սարգսյանը «Օրանժ» ընկերությանն առաջարկեց մասնակցել Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը

4 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը «Օրանժ» ընկերությանն առաջարկեց մասնակցել Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում հեռահաղորդակցության և կապի ոլորտի առաջատար «Օրանժ» ընկերությանն առաջարկում է մասնակցել Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգին անցնելու հրապարակային մրցույթներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցի շրջանակներում անցկացված հայ-ֆրանսիական գործարար համաժողովի բացման ժամանակ այս մասին հայտնեց Նախագահը` անդրադառնալով «Օրանժ» ընկերության ներկայացուցչի հարցին: «Մենք ուրախ ենք, որ «Օրանժ»-ը Հայաստանում է, որ տարեցտարի ընդալայնում է իր ծառայությունները` մի կողմից` մատուցելով որակյան ծառայություններ մեր բնակչությանը, մյուս կողմից` կամաց-կամաց մտնում է բիզնես դաշտ, որպեսզի կարողանա հետ վերադարձնել իր ներդրումները: Ակնհայտ է, որ առանց ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհնար է ունենալ արդյունավետ կառավարում և ժամանակակից կենցաղ: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը որդեգրել է էլեկտրոնային կառավարման մոդելը, և տարեցտարի էլեկտրոնային տեխնոլոգիաները ավելի լայն են օգտագործվում Հայաստանի տարբեր ոլորտներում: Ես կարող եմ օրինակ բերել հարկային հաշվետվությունների համակարգի ներդրումը, գնումների ոլորտը, ձեռնարկությունների գրանցման ոլորտը: Արդյունքում, իհարկե, մենք ունենալու ենք էլեկտրոնային կառավարություն: Այդ ոլորտային անցումները մենք կատարում ենք հրապարակային մրցույթների միջոցով: Որախ կլինենք, որ «Օրանժ»-ը մասնակցի դրանց, շահի և մասնակցի էլեկտրոնային կառավարության ստեղծմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը հաջողություններ ունի այդ բնագավառում, բայց նաև հասկանում է, որ կիլոմետրերով հետ է մնում զարգացած երկրներից: «Ահա այս տարբերությունը մենք պետք է կրճատենք: Այո, մենք պատրաստ ենք անհատական գործիքներ առաջարկել մեր ներդրողներին, գոնե «Օրանժ»-ն այդ մասին գիտի: Հայաստանն այնքան փոքր երկիր է ու փոքր տնտեսություն ունի, որ և' Նախագահը, և' վարչապետն, առավել ևս` կառավարության անդամները մշտապես ժամանակ կգտնեն, նույնսիկ միջին ներդրողի համար, որ ծանոթանան ներդրողների խնդիրներին, աջակցեն նրանց` մինչև համակարգը վերջանականապես կներդրվի»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

Մայիսին 12-ին պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ներկա գտնվեցին հայ-ֆրանսիական գործարար համաժողովին:

2013 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 26.1 միլիոն ԱՄՆ դոլար, ներմուծումը` 21.8 միլիոն ԱՄՆ դոլար:

ՀՀ-ից Ֆրանսիա արտահանվող հիմնական ապրանքնատեսակներն են` իրեր բնական կամ արհեստական կաշվից, վերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ, տղամարդու կոստյումներ, պիջակներ, բլայզերներ, տաբատներ:

Ֆրանսիայից ՀՀ ներմուծվող հիմնական ապրանքնատեսակներն են` դեղամիջոցներ` կշռածրարած, օծանելիք և հարդարաջուր, շիշ, բանկա, ամպուլա և ապակե այլ տարրաներ:

ՀՀ-ում 2013-ին Ֆրանսիայի ներդրումները կազմել են 99.1 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով գործում է ավելի քան վելի քան 230 ընկերություն`բանկային, կրթության, առողջապահության, հեռահաղորդակցության, էներգետիկայի, խորհրդատվական ծառայության, տուրիզմի ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում