Սփյուռք

Հալեպի հայկական թաղամասերում վարագույրներ են կախել դիպուկահարներից պատսպարվելու համար

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայկական թաղամասերում վարագույրներ են կախել դիպուկահարներից պատսպարվելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրավիճակը շատ ավելի լարված է, քան հաղորդում են լրատվամիջոցները: Բախումները հասել են Հալեպի հայկական թաղամասեր, ամեն օր տասնյակ ռումբեր են պայթում, իսկ դիպուկահարները դիրքավորվել են քաղաքի տարբեր հատվածներում: Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանը մայիսի 7-ին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց, որ Հալեպում հայերի վիճակը սարսափելի է ու ամեն վայրկյան այնտեղ սպասում են նոր ողբերգությունների:

«Հատկապես մեծ է վտանգը դիպուկահարներից: Օրվա տարբեր ժամերի նրանք կրակում են: Թաղամասի երկայնքով վարագույրներ են կախված, որպեսզի դիպուկահարը չտեսնի, թե երեխաներն ինչպես են գնում դպրոց կամ փողոց: Սիրիահայերը աշխատանք չունեն, բազմաթիվ կառույցներ չեն գործում, հետեւաբար եկամուտ էլ չունեն սնունդ կամ դեղորայք գնելու համար»,- ասում է Սելիմյանը` հավելելով, որ անգամ այդ դժվարին կացության մեջ հայկական եկեղեցիներն ու դպրոցները շարունակել են աշխատել:

Սելիմյանի խոսքերով, եթե սիրիահայերը որոշում են հեռանալ երկրից, ապա գաղափարախոսությունն այն է, որ կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակության համար ընտրեն Հայաստանը: «Նրանք աջակցության կարիք ունեն`թե' Սիրիայում ապրողները, թե' այստեղ ապաստանածները: Ավելի քան երբեք պետությունը եւ հայ ժողովուրդը պետք է սատար կանգնի սիրիահայերին»,- ասաց նա:

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բախումներն ու զինված հարձակումները Հալեպում չեն դադարում: Վերջին 10 օրվա ընթացքում Հալեպում մահացել է 2 եւ վիրավորվել 7 սիրիահայ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում