Մշակույթ

Շերը, Ազնավուրը, Քեոսայանը և մյուս հայտնի հայերն աշխարհին հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին

4 րոպեի ընթերցում

Շերը, Ազնավուրը, Քեոսայանը և մյուս հայտնի հայերն աշխարհին հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհով սփռված հայերը Հայաստանի կողքին են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նրանք իրենց գրառումներով կամ ներկայացնում են Ցեղասպանության մասին իրենց ընտանիքների հիշողությունները, կամ պահանջում են ընդունել Ցեղասպանությունը` ընդգծելով, որ այդ ճանապարհին դեռևս շատ բան չի արվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երգչուհի Շերն իր թվիթերյան միկրոբլոգում նշել է. «Ցեղասպանությունը ճշմարտություն է, թեև թուրքերն այն ժխտում են: Բայց դա պատահել է: Ինչպես մենք սպանեցինք բնիկ ամերիկացիներին, այնպես էլ թուրքերը սպանեցին հայերին»:

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է «Նրանք ընկան» տեսահոլովակը:«Այսօր, ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Այս ստեղծագործությունը գրվել է 1975 թվականին Ազնավուրի և Գեորգ Գարվարենցի կողմից` 60-րդ տարելիցի կապակցությամբ: Մինչև օրս, ոչ մի արդարություն, ոչ մի ճանաչում և ոչ մի քավություն»,-նշված է Ազնավուրի էջում:

Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը թվիթերի իր էջում երկու գրառում է կատարել: Նախ անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը: «Կարծես թե առաջին անգամ է, երբ թուրք քաղաքական գործիչը` վարչապետի պաշտոնում, ցավակցում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերին: Ուղղակի քա՞յլ»: Այնուհետև Քեոսյանը նշել է. «Այսօր 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Իմ նախնիները փախչում էին Կարսի կոտորածներից: 1,5 միլիոն տանջված մարդիկ: Հավերժ ցավ...»:

Նշանավոր շոումեն Միխայիլ Գալուստյանը թվիթերյան իր միկրոբլոգում տարածել է, որ Թուրքիան 2015-ին հատկացնելու է 400 միլիոն դոլար` Ցեղասպանությունը ժխտելու միջոցառոմների համար: «24 ապրիլի-Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Հիշում ենք և երբեք չենք մոռանա»,-նշել է Միխայիլ Գալուստյանը:

Կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը` հավելելով. «99 տարի: Մենք հիշում ենք»:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն:

Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում