Պաշտոնական

Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահով ընտանիքներին մատակարարված գազի արժեքը

13 րոպեի ընթերցում

Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահով ընտանիքներին մատակարարված գազի արժեքը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր` ապրիլի 17-ին, առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով նիստը` ՀՀ վարչապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:

Հաստատվել է նիստի օրակարգը, որտեղ ընդգրկված է եղել երեք տասնյակ հարց:

Նիստում քննարկվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը, ինչին դեմ է կառավարությունը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի համաձայն ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով: Գործադրի որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող կառավարության նախկին որոշման մեջ:

Որոշման նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին. «Հարգելի գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ, - ասել է կառավարության ղեկավարը: - Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»:

Կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա առաջարկել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003թ. օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալն է: Կառավարության եզրակացության մեջ մատնանշված են օրինագծի ընդունումը խոչընդոտող ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական պատճառները: Նախագծի հեղինակին առաջարկվում է ՀՀ կառավարության հետ լրացուցիչ քննարկել խնդիրը՝ երկուստեք ընդունելի լուծում գտնելու նպատակով:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մոտ 116 մլն դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում: Այսպիսով, անապահով ընտանիքներից 75 խոր. մետր բնական գազի դիմաց 1000 խոր. մետրի համար հաստատված 132 հազար դրամի փոխարեն կգանձվի 100 հազար դրամ:

Կառավարության նիստում ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» որոշումը, քանի որ դրանով կարգավորվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ՀՀ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև կառավարության մեկ այլ որոշմամբ: Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագրի 15 մլն եվրո արժողությամբ նախագծին: Երեք փուլից բաղկացած ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է, երկրորդն իրականացվում է: Բարեփոխման շարունակությունն ապահովելու նպատակով KfW բանկի հետ հստակեցվել է նաև ծրագրի երրորդ փուլի ծավալը: Ավարտին է հասցվելու Վանաձոր և Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը՝ ապահովելով շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: Անհրաժեշտություն է առաջացել համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում գտնվող Արմավիրի տարածաշրջանում կառուցել կեղտաջրի մաքրման կայան: Առաջին անգամ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ ներդրումային ծրագիր է նախատեսվում ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող 560 համայնքում: Ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրելու լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմի նախագահին:

2007-2014 թվականներին տավարաբուծության զարգացման ծրագրով Հայաստան է ներկրվել ավելի քան 1800 գլուխ տոհմային երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի: Նրանց մի մասը ուշացումով է կատարել վճարումները, ինչի հետևանքով ձևավորվել են տույժեր և լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստեղծվել: Կայացված որոշմամբ ուշացման հետևանքով առաջացած տույժերի դիմաց վճարված գումարներն ամբողջությամբ կուղղվեն պայմանագրով նախատեսված մայր գումարի մարմանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգը, հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները, աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը և խնդրին առնչվող բազմաթիվ այլ կարգեր, ցանկեր ու չափանիշներ:

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի պահանջով կառավարությունը սահմանել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության պայմանագրի նախագծին: Դեռ 2012 թվականին նախարարությունն այդ խնդրանքով դիմել էր Քուվեյթի դեսպանություն: Ի պատասխան դիմումի Քուվեյթի Պետության կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար:

Գործադիրն ընդունել է գույք նվիրաբերելու և հանձնելու որոշում, որով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ավելի վաղ կնքված վարկային համաձայնագրով 6 մարզի 43 համայնքում ստեղծված կոոպերատիվների համար ձեռք բերված գույքը և 4 մարզի 12 համայնքի համար կառուցված ջրարբիացման համակարգերը նվիրաբերվել են կոոպերատիվներին և համայնքներին, իսկ ՓԲԸ-ի համար ձեռք բերված գույքը տրամադրվել է անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով, էականորեն բարելավվել է ծրագրի շահառու հանդիսացող 44 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրապարակում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը, հավանություն տվել «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարությանը» և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և դրանով իսկ ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Օրենքի ընդունմամբ կբարձրանա ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը, քանի որ նրանց կտրամադրվի իրավական պաշտպանության նոր արդյունավետ գործիք:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փախստականների և ապաստանի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին: Ակնկալվում է, որ օրենքների ընդունման դեպքում կնվազի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, կպարզեցվի և կավտոմատացվի անձի նույնականացման գործընթացը, կմեծանա «անցանկալի» անձանց հայտնաբերման հավանականությունը, փաստաթուղթ տալու համար գանձվող տուրքը չի գերազանցի ներպետական անձնագիր տալու համար գանձվող նվազագույն վճարը:

Գործադիրը հավանություն է տվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Դրա ընդունմամբ նախատեսվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման աջակցության և պաշտպանության ՀՀ-ում գործող ընթացակարգերը համապատասխանեցնել Եվրախորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին 107-րդ կոնվենցիայի դրույթների պահանջներին:

Նիստում հավանություն է տրվել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է սահմանել արտոնագրված անձանց նոր գործառույթները, խթանիչ մեխանիզմներ ստեղծել որոշ ոլորտների համար:

Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ դատական օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է դատական համակարգ ներդնել դատավորների գնահատման ընթացակարգեր, ինչը հնարավորություն կտա մշակել դատավորների գործունեության, աշխատանքի արդյունավետության մասին դատելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ մշակելու հարուստ և հուսալի տեղեկատվական շտեմարան:

Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում