ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Բաբ Թումա շրջանի Հայ Կաթողիկե եկեղեցուն կից «Փարոս» վարժարանի վրա ապրիլի 15-ին 2 հրթիռ է ընկել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսի մեր աղբյուրը՝ նշելով, որ հրթիռների ընկնելու հետևանքով մեկ հայ աշակերտ է զոհվել, կան նաև վիրավոր աշակերտներ և ուսուցիչներ: Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ վիրավորներին տեղափոխել են Դամասկոսի ֆրանսիական հիվանդանոց: Հրթիռակոծությունը ահ ու սարսափ է տարածել բնակիչների շրջանում: Բացի մարդկային վնասներից, վարժարանը նյութական վնասներ է կրել: Ընդհանուր առմամբ, վիրավորների թիվը գերազանցել է 60-ը:
Հալեպում լույս տեսնող«Գանձասար» շաբաթաթերթի Դամասկոսի թղթակից Մոսիկ Ինճեճիկյանը հաղորդել է վիրավոր երկու հայ աշակերտների եւ երկու ուսուցչուհիների անունները. վիրավոր աշակերտներն են Նարեկ Մարաշլյանը եւ Հակոբ Խտըրլարյանը, իսկ ուսուցչուհիները՝ Սիլվա Լուլեճյանը եւ Ֆրասու Տեշօղլանյանը: Վարժարան այցելության պահին վիրավորվել է նաեւ Ռուպա Արիսյանը:
Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել էր, որ Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա և Դուելա թաղամասերում հրասանդներ են ընկել: Հրասանդներն ընկել են դպրոցների վրա, ինչի հետևանքով մեկ երեխա զոհվել է, ևս 41-ը՝ վիրավորվել: Դամասկոսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդներից մեկն ընկել է Բաբ Թումայի «Ալ Մանար» դպրոցի վրա, ինչի հետևանքով 1 երեխա է զոհվել, ևս 36-ը՝ վիրավորվել են: Մեկ այլ հրասանդ ընկել է Դուելայի Մար Էլյաս եկեղեցու մոտ գտնվող դպրոցի վրա, որի հետևանքով 5 քաղաքացի է վիրավորվել: