Տնտեսություն

Հայաստանում շներն ու կատուներն այս տարվանից կսնվեն տեղական կերով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում շներն ու կատուներն այս տարվանից կսնվեն տեղական կերով

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շների ու կատուների համար կեր արտադրող գործարանի նախագիծն ավարտին հասցնելու համար կպահանջվի ևս կես տարի: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Եղվարդի համակցված կերերի գործարանից: «Այս նախագիծն ավարտին հասցնելու ժամկետը երկարացվել է 6 ամսով»,- տեղեկացրին գործարանից: Նախկինում հաղորդվել է, որ ձկների կերերի արտադրության գործարանը, որն ունակ է արտադրել նաև շների և կատուների համար նախատեսված կեր, աշխատանքը պետք է սկսեր 2013 թվականի վերջին:

Գործարանի արտադրողականությունը 24 ժամվա ընթացքում լինելու է 120 տոննա: Կերերի բաղկացուցիչ մասերը հիմնականում կլինեն օրգանական բաղադրամիջոցներ` համաձայն միջազգային ստանդարտների: Կերերի որակական և տեխնոլոգիական պրոցեսները հսկվելու են արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից: Ձկների, շների ու կատուների կերերի սկզբնական իրացումը կատարվելու է տեղական շուկայում, այնուհետև կտարվեն լոգիստիկայի աշխատանքներ, հարևան շուկաների պահանջարկների ուսումնասիրություններ, որից հետո ինտենսիվ աշխատանքներ կիրականացվեն Վրաստան ու Ռուսաստան արտահանելու համար:

Եղվարդի համակցված կերերի գործարանը հիմնադրվել է 1993թ-ին: 2009-ից, երբ գործարանը դարձավ «Մանանա Գրեյն» հոլդինգի արտադրական ճյուղերից մեկը, հիմնովին վերանորոգվեց և վերազինվեց ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորումներով: Եղվարդի համակցված կերերի գործարանը հնարավորություն ունի արտադրել թռչունների և կենդանիների համար նախատեսված բարձրորակ համակցված կերեր: Գործարանի հզորությունը երեք անընդմեջ աշխատանքային հերթափոխում օրական 500 տոննա է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում