Սփյուռք

ՌՀՄ-ի եւ ՀՀ սփյուռքի նախարարության միջեւ կնքված հուշագիրը կամրապնդի սփյուռք-հայրենիք կապը

2 րոպեի ընթերցում

ՌՀՄ-ի եւ ՀՀ սփյուռքի նախարարության միջեւ կնքված հուշագիրը կամրապնդի սփյուռք-հայրենիք կապը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ ապրիլի 14-ին կնքված հուշագրի նպատակն է ավելի սերտացնել համագործակցությունն ու ավելի արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սփյուռքի նախարարությունում հուշագրի ստորագրումից հետո ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ կառույցի հետ աշխատանքն արդյունավետ է, իսկ նոր հուշագիրը հնարավորություն կտա համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել:

Հակոբյանը հուշագրում առկա համագործակցության կետերից առավել կարեւորում է երկուսը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների ցանկի մշակումը եւ հայապահպանությունը:«Հայապահպանության առումով շատ ենք կարեւորում մայրենի լեզվի պահպանությունն ու սփյուռքի գաղթօջախներում դպրոցների հիմնումը»,- նշել է նա:

Այս առումով նախարարի պաշտոնակատարը կարեւորել է կիրակնօրյա դպրոցների դերը, որոնք օգնում են հայ մանուկներին օտար հողում չմոռանալ մայրենիի եւ հայեցի դաստիարակության մասին:

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ որպես անգնահատելի է բնութագրել Հրանուշ Հակոբյանի դերակատարությունը, հավելելով, որ տարեկան լինում է ավելի քան 30 երկրում եւ յուրաքանչյուր երկրում հայերը խոստովանել են, որ սիրով են սպասում Հակոբյանի այցելությանը:

Անդրադառնալով ծրագրերին, Արա Աբրահամյանը նշել է, որ մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ է համագործակցում Սփյուռքի նախարարության հետ` համարելով դա իր պարտքը:

Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանի Դաշնության հայերին միավորող համառուսաստանյան հասարակական կազմակերպություն է։ ՌՀՄ-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել Մոսկվայում, 2000թ. հունիսի 16-ին։ ՌՀՄ-ի հիմնադրումից ի վեր կազմակերպության նախագհն է Արա Աբրահամյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում