Սպիտակի երկրաշարժից 26 տարի անց էլ Յուստուս Ֆրանցը հայերի կողքին է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սպիտակի երկրաշարժի տարիներին հայությանն օգնության ձեռք մեկնած գերմանացի հռչակավոր դիրիժոր Յուստուս Ֆրանցը կժամանի Հայաստան: Դիրիժորը ապրիլի 11-ին մեկ երեկոյի ընթացքում կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից, նվագախումբը և Ֆրանցը հայ ունկնդրին կներկայացնեն Բրամսի Ակադեմիական նախերգանքը և 1-ին սիմֆոնիան, ինչպես նաև Գրիգի Դաշնամուրի կոնցերտը` ֆրանսիացի դաշնակահարՏրիստան Պֆաֆիմենակատարությամբ:
Յուստուս Ֆրանցը Philharmonia of the Nations նվագախմբի և Israel Sinfonietta-ի գլխավոր դիրիժորն է: Նա ելույթներ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Չինաստանի ֆիլհարմոնիկի, Sinfonia Varsovia-ի և այլ հայտնի նվագախմբերի հետ: Ամեն ամառ Ֆրանցը երաժիշտներ է հրավիրում մասնակցելու իր կազմակերպած Finca Festival Frantz & Friends-ին, որն անցկացվում է Գրան Կանարիայում: Ավելի քան 40 տարի նա համաշխարհային ճանաչում է վայելում որպես դաշնակահար և դիրիժոր: Նրա աջակցությամբ արվեստ են մուտք գործել Միդորին, Մաքսիմ Վենգերովը, Վադիմ Ռեպինը, Եվգենի Կիսինը և բազմաթիվ այլ տաղանդավոր երաժիշտներ:
1988-ին Յուստուս Ֆրանցը, տեղեկանալով Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, Գերմանիայում մի քանի օրվա ընթացքում կազմակերպեց համերգների շարք, որոնց հասույթը (ավելի քան 100.000 գերմանական մարկ) փոխանցվեց Հայաստանին: Համերգներից մեկը տեղի ունեցավ Համբուրգի Laiszhalle-ում, որտեղ ելույթ ունեցավ Ֆրանցի ջանքերով հավաքած նվագախումբը: Մենանվագում էր Յուստուս Ֆրանցը, իսկ դիրիժորը Ֆրանցի բարեկամ Եհուդի Մենուհինն էր: