Սփյուռք

Ուկրաինայի հայերի միությունը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Քեսաբի իրադարձությունները

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերի միությունը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Քեսաբի իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով դատապարտել եւ միջոցներ ձեռնարկել Սիրիայի Քեսաբ քաղաքում հայ բնակչության նկատմամբ հարձակումներն ու ոտնձգությունները կանխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ուկրաինայում հրատարակվող «Անալիտիկա» կայքը, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ Ուկրաինայի հայերը տեւական ժամանակ է հետեւում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին եւ մշտապես կապ են պահպանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Միջազգային հանրության աչքի առաջ Քեսաբում տեղի է ունենում ողբերգություն, որը մեզ հիշեցնում է մեր պատմության սարսափելի իրադարձությունները: Մենք չենք կարող համակերպվել այս անարդարության հետ»,- հայտարարել է Շատվորյանը:

Ուկրաինայի հայերի միությունը, միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որ միավորում է երկրում գործող բոլոր հայկական կառույցները: Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպություն է, որը ընդգրկվել է Եվրամիության ռեգիստրում` որպես ամենաթափանցիկ կազմակերպություն:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրության հրավիրելով սարսափելի դեպքերի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում