Վերահաշվարկը կատարված կուտակային վճարների վերադարձ չի ենթադրում. Արդարադատության նախարար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված «վերահաշվարկը» չի նշանակում, որ փոխանցված գումարները պետք է հետ վերադարձվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այդ մասին ապրիլի 3-ին հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պարզաբանելով ՍԴ որոշումը:Նա մեջբերեց որոշման տվյալ հատվածը. «Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, վերահաշվարկման են ենթակա մինչև այդ կատարված կուտակային վճարները»:«Եթե Կառավարությունն ու Ազգային Ժողովը մինչև սեպեմբերի 30-ը որևէ բան չփոխեն, այդ դեպքում նմանատիպ խնդիր կարող է բարձրանալ»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ նոր իրավակարգավորումները, որոնց մեջ վերանալու են հակասահմանադրական տարրերը, ավելի բարենպաստ են լինելու և ունենալու են հետադարձ ուժ:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը:Որոշման համաձայն`Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: «Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով եւ ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»,- նշված է որոշման 7-րդ կետում: