Մշակույթ

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը շուտով կհայտնվի մեծ էկրաններին

3 րոպեի ընթերցում

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը շուտով կհայտնվի մեծ էկրաններին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված նոր` «Թևանիկ» ֆիլմը մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել կինոթատրոններում: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի` հայ ժողովրդի հերոսական էջերից մեկը նկարագրող նոր ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսի 5-ին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսորը: «Սպասում և համոզմունք». հենց այս զգացողություններով է Ջիվան Ավետիսյանը պատրաստվում Ադրբեջանի հիստերիան առաջացրած կինոնկարի պրեմիերային:

«Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: «Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Ֆիլմը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Բայց հետո բոլորը համախմբվում են խրամատում: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին»,-մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր Ջիվան Ավետիսյանը:

«Թևանիկը» նկարահանվել է Առնոլդ Աղաբաբովի համանուն կինոսցենարի հիման վրա: Բացի դրանից, Ջիվան Ավետիսյանը և Կարինե Խոդիկյանը, միասին աշխատելով, մեկ պատանու մասին պատմող սցենարին ավելացրել են ևս երկու պատանու պատմություն: Այն ամբողջությամբ նկարահանվել է Արցախում: Կինոնկարի համար երաժշտություն է գրել լիտվացի կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը: Այն ձայնագրվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի կատարմամբ:Փաստը մեծ արձագանք է գտել Ադրբեջանում` առաջացնելով հարևան երկրի զայրույթը:

Ֆիլմը նախատեսված է ներկայացնել Կաննի կինոշուկայում:Այն ստեղծվել է Արցախի կառավարության օժանդակությամբ: Լիտվական կողմն իրականացրել է աշխատանքներ պատկերի վրա` ապահովելով գույն, գրաֆիկա, հատուկ էֆեկտներ և երաժշտություն: Համարտադրող է հանդիսանում Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ռոզա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում