Սփյուռք

Երգչուհի Շերը Twiterr-ում գրառում է թողել Քեսաբի առնչությամբ

3 րոպեի ընթերցում

Երգչուհի Շերը Twiterr-ում գրառում է թողել Քեսաբի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով Twitter միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: «Խնդրում եմ պարզեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Քեսաբում: Անմեղ քրիստոնյաներին, հայերին թուրքերը սպանում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`գրել է երգչուհին:

Քեսաբի դեպքերը մեծ արձագանք են ստացել տարբեր սոցիալական ցանցերում: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղում միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին:Հայկական ծագումով ամերիկացի շոումեն, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն էլ թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետբնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: Նրանց ընդունել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում