ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հեռուստաալիքները դրական են արձագանքել Քեսաբի իրադարձությունների նկատմամբՀայաստանի Հանրապետության կառավարության ցուցաբերած հետաքրքրությանն և կեցվածքին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ հեռուստաալիքները հիշեցրել են մեկ դար առաջ նույն թուրքերի կողմից հայերի հանդեպ իրագործած ոճրագործության մասին: Ռեիսյանը ևս ընդգծեց, որ Թուրքիայի անմիջական միջամտությունը ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ հայության դեմ է ուղղված:
Անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին` մամուլի խոսնակը նշեց, որ Նոր Գյուղում մարտի 25-ին տեղի ունեցած ռմբակոծությունն ահ ու սարսափ է տարածել բնակիչների շրջանում: Վնասները հիմնականում նյութական են, իսկ վիրավորված հայերի վիճակը մտահոգիչ չէ: «Այժմ թեժ մարտեր են ընթանում քաղաքի ծայրամասերում, նաև Շեյխ Մակսուդ, Բուսթան Բաշա թաղամասերում»,- նշեց Ռեիսյանը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: