Իրավունք

Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական գերության ընթացքում ազգային ատելության հիմքի վրա պատճառել են ծանր մարմնական վնասվածքներ

3 րոպեի ընթերցում

Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական գերության ընթացքում ազգային ատելության հիմքի վրա պատճառել են ծանր մարմնական վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քաղաքացի, Ադրբեջանական կողմում հայտնված Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ, 2014թ. մարտի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից, քրեական գործով նախաքննության ընթացքում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, Ադրբեջանի Հանրապետությունում դատավարական գործողությունների կատարման և իրավական օգնության անհրաժեշտության դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բացակայում են դիվանագիտական հարաբերություններ, ՀՀ գլխավոր դատախազությունը, «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» 15.05.1972թ., «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 20.04.1959թ. եվրոպական կոնվենցիաների, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Մինսկի Կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի շրջանակներում, հանդես կգա համապատասխան միջնորդություններով:

Նկատի ունենալով Մամիկոն Խոջոյանի դեպքի հասարակական նշանակությունը, սույն քրեական գործով տեղեկատվության ստուգված և համակողմանի տրամադրման կարևորությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, անհրաժեշտության դեպքում կիրազեկի հանրությանը և միջազգային կազմակերպություններին:

2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերեվարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում