Ադրբեջանի դեսպանատների առջև ցույցեր են արվել Արգենտինայում և Բելգիայում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և Կիրավաբադի հայկական ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ Արգենտինայի և Բելգիայի հայ համայնքները բողոքի ցուցեր են արել Ադրբեջանի դեսպանատների առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին ավելի քան 200 ցուցարարներ հավաքվել են Բուենոս Այրեսի ադրբեջանական դեսպանատան առջև: Ցույցը լայնորեն լուսաբանվել է Արգենտինայի ազգային լրատվամիջոցներով` ռադիոյով, թերթերով, և հեռուստատեսությամբ:
Նշվում է, որ երկու օր առաջ նույնպես ցույցեր են եղել, երբ մի խումբ երիտասարդ արգենտինահայեր փորձել են նամակ փոխանցել ադրբեջանցի դիվանագետներին, ովքեր սեմինար էին վարում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը և դրա ունեցած հետևանքները տարածաշրջանի վրա» թեմայով: Խաղաղ ցույցերից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարությունը և կառավարության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները փորձել են աղավաղել ցույցերի իրական պատճառները` իբր թե հայերը փորձել են խանգարել միջոցռմանը:
Ադրբեջանի դեմ ցույցերով է հանդես եկել նաև Բրյուսելի հայությունը` Հայ դատի Բելգիայի հանձնախմբի կազմակերպմամբ: Ծածանելով Հայաստանի և Ղարաբաղի դրոշները և պաստառներ, ինչպես նաև ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն կարգախոսներ գոռալով` հիշեցրել են Ադրբեջանի արյունոտ անցյալի և ներկայի մասին` վկայակոչելով Գուրգեն Մարգարյանի սպանությունը:
Ցուցարարները զգուշացրել են, որ աշխարհի հայերը երբեք չեն մոռանա այդ իրադարձությունների մասին, և որ վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է ճանաչի և ընդունի Արցախի անկախությունը: