Քաղաքականություն

Քաղաքագետը Գիորգի Մարգվելաշվիլիի այցի երկու կարեւոր ձեռքբերում է մատնանշում

4 րոպեի ընթերցում

Քաղաքագետը Գիորգի Մարգվելաշվիլիի այցի երկու կարեւոր ձեռքբերում է մատնանշում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը երկու հիմնական ձեռքբերում է մատնանշում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի` Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցված հայտարարություններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, թե բավական կարևոր է, որ Վրաստանի նորընտիր նախագահն առաջին երկրների շարքում արտաքին այցելությունների պարագայում ընտրել է նաև Հայաստանի Հանրապետությունը: «Դա ցույց է տալիս, որ երկրի նոր իշխանությունները հասկանում և գիտակցում են Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու կարևորությունն իրենց համար: Ելնելով այս տրամաբանությունից` պաշտոնական Թբիլիսին և նաև պաշտոնական Երևանն ամեն ինչ անելու են խորացնելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, փաստը, որ Հայաստանն ու Վրաստանը տնտեսական զարգացման տարբեր ուղիներ են ընտրել, ինչ-որ չափով մտահոգությունների առիթ կարող է տալ, բայց փետրվարի 27-ին նախագահների համատեղ հայտարարությունների ժամանակ հնչեցված միտքը, որ դա չի խանգարելու երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, բավական կարևոր և լուրջ ձեռքբերում է: «Երկրորդ կարևոր ձեռքբերումն այն է, որ երկու երկրների ղեկավարները խոսում են ենթահամակարգերի և կոմունիկացիոն հնարավորությունների զարգացման մասին` կոնտեքստում ունենալով, ըստ երևույթին, նաև աբխազական երկաթգիծը, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Դեռևս Բիձինա Իվանիշվիլիի վարչապետ եղած ժամանակաշրջանում այս հարցը բավական քննարկվում էր, և վրացական կողմը հասկացնել էր տալիս, որ նախագահական ընտրություններից հետո կարող է ավելի ակտիվ զբաղվել խնդրով, և հնարավոր է հաջողության հասնել դրա կարգավորման հարցում»,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ նախագահներն զգուշավոր էին իրենց հայտարարություններում, բայց ակնահայտ էր, որ երկաթգծի հարցը շարունակում է մնալ օրակարգում:

Հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար, ըստ Մելիք-Շահնազարյանի, կարևոր է լուծել այն խնդիրները, որոնք վերաբերում են ոչ միայն պետությանը, այլև այդ պետությունների ժողովուրդներին: «Խոսքս հատկապես Վրաստանում հայկական համայնքի և ջավախահայության հիմնախնդիրների լուծման մասին է, ինչի վերաբերյալ դեռևս հայտարարություններ չարվեցին: Համոզված եմ, որ մեր երկրների քաղաքական օրակարգն ապագայում հիմնված է լինելու այս հիմնախնդրի վրա»,-ասաց քաղաքագետը` շեշտելով, որ անհրաժեշտ է ցանկացած առիթ օգտագործել խնդիրը բարձրաձայնելու` հնարավորության սահմաններում Ջավախքի հայության և Թիֆլիսի հայ համայնքի խնդիրների լուծման համար:

«Ես համոզված եմ, որ առանց այս խնդրին լուրջ լուծում տալու, հայ-վրացական հարաբերությունները չեն կարող լինել լիարժեք և իրականացնել այն ողջ պոտենցիալը, որ կա երկու երկրների հարաբերություններում: Ցավոք, այսօր բավական շատ հարցեր են կուտակված և' եկեղեցու հայկական կարգավիճակի, և' հայկական Ջավաքում հայերեն կրթության, և' ընդհանրապես այնտեղի հայերի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված: Բոլոր այս հարցերը լարվածություն են առաջացնում տեղի հայերի շրջանում, ինչն էլ նաև փոխանցվում է երկու երկրների հարաբերություններին: Իհարկե, ես գիտեմ, որ բավական աշխատանքներ տարվում են ազգամիջյան մրցակցությունը հաղթահարելու համար, բայց այս ուղղությամբ աշխատելու շատ տեղ ունենք»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում