Հասարակական

Վրաստանի Նախագահը հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի Նախագահը հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի Նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Վրաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Գիորգի Մարգվելաշվիլին տնկեց եղևնի:Վրաստանի ղեկավարին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և այլք:

Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:Վրաստանը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:Վրաստանի հայկական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով բազմիցս դիմել են այդ երկրի խորհրդարանին ու կառավարությանը:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան 2 տասնյակ երկրներ, Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, միջազգային այլ կազմակերպություններ: Այն պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել, ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում