Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայի կառավարության մեծ սխալն էր. հունգարացի քաղաքական գործիչ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնումը Հունգարիայի կառավարության մեծ սխալն էր: Այն ավելին էր, քան սխալը, քանզի «թունավորեց» Հունգարիայի հարաբերությունները Հայաստանի և աշխարհի մյուս երկրների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հունգարիայի պատվավոր հյուպատոսների կորպուսի նախագահ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, դոկտոր Շուհա Գյորգը: «Հայ-հունգարական հարաբերություններն ու բարեկամությունը պատմական արժեք ունեն: Չափազանց կարևոր է առանց երկմտանքի և հապաղումների վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք ընդհանուր պատմություն ունենք ու կիսում ենք ընդհանուր արժեքներ»,- նշեց հունգարացի գործիչը:

Նրա խոսքով` Սաֆարովի արտահանձնումը եղել է քաղաքական որոշում, և որևէ իրավական հիմնավորում չի ունեցել: «Դիվանագիտական խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհներով և անհապաղ լուծումներ փնտրել հարաբերությունների վերականգման համար»,- բացատրեց դոկտոր Գյորգը:

Քաղաքական գործիչը նաև մտահոգություն հայտնեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մասին կառավարության պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ: «Արտահանձնումից և դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Հունգարիան ցանկանություն է հայտնել վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն մինչ այժմ հունգարական դիվանագիտությունը հաջողություններ չի գրանցել այդ հարցում»,- ասաց նա:

Այսօր` Գուրգեն Մարգարյանի սպանության տասներորդ տարելիցին, նրա հիշատակին նվիրված միջոցառում կկայանա Հունգարիայի Հայկական մշակութային կենտրոնում: Հայ համայնքի անդամները ծաղիկներ կդնեն Դանուբ գետի ափին տեղադրված խաչքարի մոտ, որից հետո Հայկական մշակութային կենտրոնում բանախոսությամբ հանդես կգան Հունգարիայի հասարակական գործիչներ, ովքեր Սաֆարովի արտահանձնումից հետո այցելել են Հայաստան և ներողություն խնդրել Մարգարյանի ծնողներից: Դոկտոր Շուհա Գյորգը նույնպես ներկա կլինի միջոցառմանը:

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Դաժան սպանության օրը` փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը` Հայկ Մուկուչյանին, ապա նոր գնացել իր սենյակ: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, առավոտյան կողմ կացինը ձեռքին գնացել է նրա սենյակ և կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել քնած հային:

2006 թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն նավթային դոլարները կատարեցին իրենց «սև գործը». 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց` միաժամանակ նաև մայորի կոչում տալով: Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած արտակարգ խորհրդակցությունից հետո հայտարարվեց Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը կասեցնելու մասին:

Հունգարիայի իշխանությունների նման որոշումը խստորեն քննադատվեց միջազգային հանրության, տարբեր կառույցների, շատ երկրների դիվանագետների և խորհրդարանականների կողմից:

Հայերեն English Русский

ՊԵԿ իրազեկում՝ խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ

Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ կան մեծ հիմքեր՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում լավատեսորեն տրամադրվելու համար

Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը

Դեպի ԵՄ արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում են. ՍԱՏՄ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Թրամփը հազվագյուտ ընդունելության կարժանացնի Սի Ծինփինին՝ նրան կդիմավորելով «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Digitech 2026-ը հավակնում է լինել ավելի ներկայացուցչական և ընդգրկուն. Ալեքսանդր Եսայան

ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայային

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը