Մշակույթ

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը կարող է տեղ գտնել «Գինեսի» գրքում

2 րոպեի ընթերցում

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը կարող է տեղ գտնել «Գինեսի» գրքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի ջութակահար Նիկոլայ Մադոյանը կարող է հայտնվել «Գինեսի» համաշխարհային ռեկորդների գրքում: Ռեկորդների գրքի հավակնորդը փետրվարի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվելիք համերգին պատրաստվում է հաղթահարել Պագանինիի ջութակի բոլոր վեց կոնցերտները` մեկ երեկոյի ընթացքում անգիր կատարելով դրանք՝ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում տեղ գտնելու հեռանկարով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին օպերային թատրոնի լրատվական բաժնից, Մադոյանին կնվագակցի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ` Կարեն Դուրգարյան): Համերգը հավակնում է դառնալ եզակի երաժշտական իրադարձություն ամբողջ աշխարհում, քանի որ բոլոր երաժշտասերների ուշադրությունն այդ օրը կսևեռվի Հայաստանի վրա:

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում: Ուսանել է վաստակաշատ պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի մոտ: 1988թ. հաղթել է երիտասարդ երաժիշտների` Պ. Ի. Չայկովսկու անվան համամիութենական մրցույթում` կատարելով Չայկովսկու ջութակի կոնցերտը: Բազմիցս հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում: Դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում: Մադոյանի երաժշտացանկը ներառում է դասական և ժամանակակից ստեղծագործություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում