Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը հյուրընկալվել է ՀՀ ոստիկանությունում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Իտալիայի ոստիկանական կառույցների փոխհարաբերությունները նոր որակ կստանան, և գործընկերության ցանկությունն ու ներուժը երկուստեք կօգտագործվեն ավելի սերտ փոխգործակցության համար:
Նշելով, որ գործում է համագործակցության համաձայնագիրը և աշխատանքային շփումներ կան Ինտերպոլի միջոցով՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ոստիկանական կառույցների գործընկերությունն ուղղակի և առարկայական դարձնելու խնդիրը մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հակազդումը թրաֆիքինգին և թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, հետախուզվող անձանց որոնումը, ժամանակակից քրեագիտական սարքավորումների ու հատուկ միջոցների ձեռքբերումը, ոստիկանական արդի մեթոդաբանության ուսումնասիրությունը և այլն:
Ջովաննի Ռիչուլլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ կարվի ամեն ինչ Իտալիայի և Հայաստանի ոստիկանական մարմինների առավել ընդգրկուն ու գործնական համագործակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: