Մոսկովյան արվեստասերը մեկ ամիս կվայելի Փարաջանովի իլուստրատիվ արվեստի դեռեւս չցուցադրված գործերը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանն առիթ է աշխարհին ներկայացնելու կինոռեժիսորի իլուստրատիվ արվեստի դեռեւս չցուցադրված գործեր: Այդ նպատակով Մոսկվայի «Սոլյանկայի պետական պատկերասրահ»-ում փետրվարի 13-ին բացվող «Նռան գույնը» խորագրով ցուցահանդեսը կազդարարի Փարաջանովին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը: Ցուցահանդեսի նախաձեռնողը` Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, հոբելյանական տարում մեծանուն կինոռեժիսորի արվեստը պրոպագանդելուն ուղղված ծրագրեր շատ ունի: «Նռան գույնը» ցուցահանդեսը բաղկացած կլինի երեք բաժնից: Առաջին բաժնում այցելուները հնարավորություն կունենան դիտել կինոռեժիսորի իլուստրատիվ արվեստը ներկայացնող շուրջ 30 կոլաժային աշխատանքները, որոնց մեծ մասը նախկինում երբևէ չի ցուցադրվել Մոսկվայում: Երկրորդ մասը` Փարաջանովի «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբը», «Մոռացված նախնիների ստվերները» և «Անդրիեշ» ֆիլմերն են, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի («Արարատ» կոնյակների) աջակցությամբ նկարահանված` ռեժիսորի մասին պատմող ֆիլմը: «Այս ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ այցելուներին հնարավորություն կընձեռի դիտել կինոռեժիսորի ֆիլմերը, քննարկել դրանք, ավելի մոտիկից շփվել նրա արվեստի հետ»,- պարզաբանեց թանգարանի տնօրենը: Զուգահեռաբար ցուցասրահներում կներկայացվեն նաև Զավեն Սարգսյանի և Յուրի Մեչետովի` տարբեր տարիներին արված լուսանկարները: Մոսկվայի ցուցահանդեսն այցելության համար բաց կլինի մինչ մարտի 16-ը:
Մեծ կինոռեժիսորին նվիրված նախագծերի մի մասը, սակայն, դեռևս ֆինանսական համապատասխան միջոցների բացակայության պատճառով հնարավոր չէ իրականացնել: «Մենք Փարաջանովի ընկեր, ազգագրագետ Լևոն Աբրահամյանի հետ շատ վաղուց ցանկություն ունենք հրատարակել ալբոմ` ամբողջովին հիմնված «Նռան գույնը» ֆիլմի կադրերի վրա, սակայն կան որոշակի բարդություններ: Ալբոմը հրատարակելու դեպքում այն կունանա բավականին բարձր արժեք, որը գուցե կինոռեժիսորի արվեստն իրապես գնահատողների համար թանկ լինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցումպատմեց Զավեն Սարգսյանը: Նրա գնահատմամբ, լավագույն տարբերակը կլինի, եթե ալբոմի հրատարակումը հնարավոր լինի իրականացնել պետական պատվերի միջոցով, քանի որ իր տեսակի մեջ բացառիկ կինոժապավենի կադրերն ալբոմի տեսքով ներկայացնելը յուրահատուկ և հայկական իրականության մեջ դեռևս երբևէ չկիրառված գաղափար է, որի հիքում մնայուն արժեքների պահպանումն է:
Աբրահամյանի և Սարգսյանի նախորդ` 2008 թվականին տպագրած «Փարաջանովիգեղադիտակ» («Калейдоскоп Параджанова»)աբոմի վաճառքից ստացված հասույթը ուղղվում է թանգարանին` նոր հրատարակությունների լույս ընծայման համար:
Փարաջանովի 90-ամյա հոբելյանը կնշվի հուլիսի 13-20-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի կնվիրվի մեծանուն կինոռեժիսորին:
Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը