Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը Բաքվի «ռազմական դիվանագիտության» շարունակությունն է. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը Բաքվի «ռազմական դիվանագիտության» շարունակությունն է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանին տեղի ունեցող իրադարձությունները «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անվանում է «20-ամյա դեժավյու». կրակոցներ միշտ լինում են, կողմերը զոհեր են տալիս, սակայն մոտ ժամանակահատվածում էսկալացիան երբեք չի վերածվի ռազմական գործողությունների եւ լայնամասշտաբ պատերազմի: «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունները տեղի են ունենում զուտ բանակցությունների համար, եւ կողմերի գլխավոր խնդիրը փխրուն խաղաղության պահպանումն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, քննարկմանը մասնակից Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ, առկա իրավիճակում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, թե անցնում է ռազմական դիվանագիտության: «Բաքվում որեւէ մեկը չի ասում, որ սա պատահական է: Պատահական ոչինչ չկա, սա ռազմական այդ դիվանագիտության շարունակությունն է, որ սրվում է, երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում է հակամարտության կարգավորման հարցը, կամ երբ հանդիպում են նախագահները, նախարարները: Բաքուն ամեն ինչ անում է, որ բանկացություններն ընթանան դժվար եւ լարված պայմաններում, եւ հենց սրանով է պայմանավորված գործընթացի բարդությունը»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով`, եթե սահմանին տեղի ունեցող իրադարձությունները քննարկեն քաղաքական գործընթացի համատեքստում, ապա պետք է հաշվի առնել, որ դրանց մեկնարկին միշտ էլ տրվում է հրաման: «Թե ինչպիսի՞ն կլինի հետագա ընթացքն ու հակամարտության շարունակությունը, ինչպիսի՞ն կլինեն ռազմական գործողությունները, ոչ թե ժամանակը ցույց կտա, այլ կախված կլինի վերեւից եկող հրամանից»,- ասաց քաղաքագետը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ` հակառակորդին հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրն արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը ետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Կարեն Գալստյանը: Առայժմ ադրբեջանական կողմը հայտարարում է երկու զոհի մասին: Հունվարի 23-ին զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը, իսկ հունվարի 27-ին` լեյտենանտ Սաբուհի Ազիզովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում