Պետպարտատոմսերի եկամտաբերությունը մեկ տարում նվազել է 4-4,5 տոկոսով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դրամով արտահայտված պետական պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները մեկ տարվա ընթացքում նվազել են 4-4,5 տոկոսային կետով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ հավելելով, որ դա արձանագրվել է եվրապարտատոմսերի թողարկումից հետո ձեռնարկված մի շարք միջոցառումների արդյունքում։
Նրա խոսքով՝ պարտատոմսերի եկամտաբերության նվազեցումն իր ազդեցությունը կունենա բանկային համակարգի կողմից իրականացվող ֆինանսական գործարքներում։ «Կարծում եմ, որ սա դրական ազդեցություն կունենա մեր ֆինանսական շուկայում, մասնավորապես, բանկերի կողմից ավանդների ներգրավման և վարկերի տրամադրման տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ։ Կարճաժամկետ ժամանակահատվածում դա, գուցե, նկատելի չլինի, բայց տարվա ընթացքում սպասում ենք դրական տեղաշարժերի։ Ըստ էության` արդեն տարեվերջին նախարարությանը հաջողվեց էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները։ Այս գործընթացը շարունակական է լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունը շարունակելու է քայլեր իրականացնել արտարժույթով և դրամով պարտատոմսերի եկամտաբերությունան համաչափությունը պահպանելու ուղղությամբ։
2013 թվականի հունվարի համեմատ 2014 թվականի հունվարին 1 տարի մարման ժամկետով պետպարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է մոտավորապես 1,6 տոկոսային կետով՝ կազմելով 9,1374 տոկոս, 3 տարի մարման ժամկետով պարտատոմսերինը՝ մոտ 4,7 տոկոսային կետով՝ կազմելով 9,599 տոկոս։ 5 տարի մարման ժամկետով պարտատոմսերի եկամտաբերությունը մեկ տարում նվազել է մոտ 5,4 տոկոսային կետով՝ կազմելով 9,9982 տոկոս, 20 տարի մարման ժամկետով պարտատոմսերինը՝ մոտ 5 տոկոսով՝ կազմելով 11,6385 տոկոս։