Էրդողանը Թուրքիայում այլևս երբեք նախկին հզորությունը չի ունենա. Ջևաթ Սինեթի բացառիկ հարցազրույցը
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մի շարք նախարարների որդիների ձերբակալություններով դեկտեմբերի 17-ին սկսված «Մեծ կաշառք» գործողությունը ցնցեց ողջ երկիրը և պատճառ դարձավ կառուցվածքային փոփոխությունների: Պաշտոնաթող եղան ինչպես նախարարներ, այնպես էլ դատական ու անվտանգության համակարգի աշխատակիցներ: Շատերը կատարվածը համարեցին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա քաղաքական հաղթանակներին զգալիորեն նպաստած Ֆեթուլլահ Գյուլենի միջև առաջացած տարածայնությունների արդունք: Որոշ վերլուծողներ էլ առաջ քաշեցին միտքն այն մասին, թե կատարվածի հետևում կանգնած է ԱՄՆ-ն, որը դժգոհ էր թուրքական գործարար այն շրջանակներից, ովքեր, շրջանցելով Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ հաստատված պատժամիջողները, համագործակցում էին Իրանի հետ: Այս հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Թուրքիայի պետական շրջանակների հալածանքների արդյունքում Բելգիա տեղափոխված հայազգի լրագրող Ջևաթ Սինեթի հետ:
-Պարոն Սինեթ, ըստ Ձեզ ովքե՞ր են դեկտեմբերի 17-ին սկսված «Մեծ կաշառք» գործողության հետևում:
-Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր չկա մի պատգամավոր, նահանգապետ կամ քաղաքապետ, որը խառնված չլինի կաշառակերության, գողության կամ խարդախության մեջ: Օրինակ, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Մուամեր Գյուլերը, ով Հրանտ Դինքին իր մոտ էր կանչել և սպառնացել էր: Ո՞վ նրանից հաշիվ պահանջեց` ոչ ոք: Թուրքիայի ներքին գործերի նոր նախարար Էֆքան Ալան պատասխանատու է Դիարբեքիրում տասնյակ մարդկանց մահվան մեջ: Գլխավոր շտաբի ներկայիս նախագահ Նեջդեթ Օզելը ևս հարյուրավոր մարդկանց սպանության պատասխանատվությունն է կրում: Երբ նայում ենք հետ, տեսնում ենք, որ պետությունում մշտապես առկա են եղել գաղտնի կառույցներ` այնպիսիք, ինչպիսիք են կոնտրգերիլաները, JITEM-ները (թուրքական ժանդարմերիայի անօրինական հետախուզական ծառայություն), խորքային կառույցները: Այս բոլորը պետության ներսում գոյություն ունեցող գաղտնի կառույցների գործունեության արդյունքն են: Քաղաքական ուժը միահամուռ կերպով նպաստել է դրանց հզորացմանը: Այժմ այդ երկու ուժերը սկսել են իրարից հաշիվ պահանջել: Կարող ենք ասել, որ ներկայում տեղի ունեցող գործողությունները պետության ներսում առկա ուժերի պայքարն են մեկը մյուսի դեմ: 1992 թվականից մինչև 1996 թվականը 17 հազար 500 չբացահայտված հանցագործություն է իրականացվել: Պետության անունից այս հանցագործություններն իրականացրած ոստիկանությունից, JITEM-ից, հատուկ նշանակության ուժերից և ոչ մեկ չձերբակալվեց ու պատիժ չստացավ: Ֆեթուլլահ Գյուլենի համայնքն արդեն 50 տարի է, ինչ գործում է: «Արդարություն և զարգացում» կուսակցության (խմբ.` Թուրքիայի իշխող կուսակցությունն է, ԱԶԿ) կառավարությունն էլ, համագործակցելով գյուլենական շարժման հետ, դարձել են նրա հանցակիցը և աջակցել համայնքի գործողություններին: Համայնքն ու ԱԶԿ-ականները միավորվելով 2007 թվականին սպանեցին Հրանտ Դինքին: Եթե հարցնեք, թե որտեղ են հանցագործները, ապա կասեմ, որ երկուսն էլ նույն մարդասպանն են: Սևակ Բալըքչըին սպանած զինվոր Քըվանչ Աղաօղլուն էլ անգամ մեկ օր պատիժ չկրեց և այժմ շրջում է ազատության մեջ:
-Այս գործողության հետևում հավանական համարո՞ւմ եք օտար ուժերի լինելու հնարավորությունը, թե սա միայն Էրդողան-Գյուլեն հակամարտության արդյունքն է:
-Թուրքիայի բոլոր իշխանությունները, երբ նեղն են ընկնում կամ ցանկանում են կոծկել սեփական գողություններն ու խարդախությունները, սկսում են կիրառել «արտաքին ուժեր» տերմինը: Տարիներ շարունակ թուրքական կառավարությունն ու մամուլը քրդերին, քուրդ զինյալներին ու Աբդուլլահ Օջալանին իբրև հայ էին ներկայացնում, մինչդեռ Օջալանը հայ չէ: Ամեն անգամ, երբ նեղության մեջ են, ժողովրդից որևէ բան են պահանջում կամ ցանկանում են մաքրել իրենց կեղտոտ սպիտակեղենը, նրանց մոտ մշտապես պատրաստ են փաստարկները: «Արտաքին ուժեր» ասելով իրարանցում են սարքում: Մի՞թե այդ արտաքին ուժերն են հաշվիչ մեքենաները, դրամական հաշիվները դնում նախարարների ու նրանց որդիների տներում:
-Այս իրադարձությունները կարո՞ղ են վնասել Թուրքիայում օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին Էրդողանի հնարավոր առաջադրմանը:
-Անշուշտ, Էրդողանն արդեն նախկինի նման ուժեղ չի կարողանա լինել: Իշխանության հավասարակշռությունը խախտվել է: Էրդողանի և նրա շրջապատի դեմ մոտ ժամանակներս լուրջ գործողություններ կարող են իրականացվել: Էրդողանը դիմակայում է ընդդեմ գյուլենական համայնքի: Էրդողանը հաղթանակ կտանի, քանի որ նրա դեմ որևէ այլ թեկնածություն չի լինի: Սակայն նա այլևս նախկինի նման հզոր չէ: Քանի որ բոլորն էլ գիտեն, որ Ժողովրդահանրապետական ու «Ազգայնական շարժում» կուսակցությունները ռասիստական քաղաքականություն են վարում, ապա Թուրքիայի բնակիչների միայն մի փոքր հատվածն է ընտրություններում նրանց աջակցելու:
Հարցազրույցը` Արաքս Կասյանի