Իրավունք

Փետրվարի 5-ին ՄԻԵԴ-ում կքննվի Մ.Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

2 րոպեի ընթերցում

Փետրվարի 5-ին ՄԻԵԴ-ում կքննվի Մ.Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաեւ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, հունվարի 19-ին կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշանակված` «Սարգսյան» եւ «Չիրագով» գործերի դատաքննությանը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ հունվարի 22-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում կսկսվեն՝ «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» հայցով լսումները: Ադրբեջանի քաղաքացիներ, ազգությամբ քուրդ վեց անձինք ՄԻԵԴ են դիմել սեփականության փոխհատուցման պահանջով: Լսումների ընթացքում Հայաստանը հանդես կգա որպես պատասխանող, Ադրբեջանը՝ 3-րդ կողմ:

Փետրվարի 5-ին Եվրոպական դատարանը կսլի Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի: ՀՀ քաղաքացու հայցով Եվրոպական դատարանի առաջին լսումը կայացել է 2010թ.-ի սեպտեմբերին: Մ. Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով խտրականությունների, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ: Ադրբեջանն այդ հայցի լսումների ընթացքում հանդես է գալու որպես պատասխանող, Հայաստանը՝ 3-րդ կողմ:

Եվրոպական դատարանի Գերագույն պալատի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակումից հետո, բողոքարկաման ենթակա չեն ու պարտադիր են կողմերի համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում