Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքի լսումը հետաձգվել է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 10-ին հետաձգել է դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հայցադիմումի լսումը: Դատական նիստը կկայանա հունվարի 13 -ին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նիստի սկզբում բացարկ է հայտնել նախագահող դատավոր Յուրի Բաղդասարյանին: Ըստ փաստաբանի, Քր. դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն` դատավորը պարտավոր էր գնալ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, սակայն նիստը հետաձգվել է:
Պետրոսյանի փաստաբանը բողոքարկել է քննիչ Հայկ Հակոբյանի գործողությունները, որը 2013 թ. նոյեմբերի 5-ին որոշում էր կայացրել դերասանի ձերբակալման վերաբերյալ: Բաղդասարյանի խոսքով, նման որոշում քննիչը կարող էր կայացնել, եթե հայտնի չէր անձի գտնվելու վայրը: Ի պատասխան փաստաբանի բողոքի, քրեական գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազ Արմեն Առաքելյանը գրավոր պատասխանել էր, թե քննիչի կայացրած որոշումը ապօրինի չի եղել: «Հետագայում Հատուկ քննչական ծառայությունում տված բացատրության ընթացքում դատախազը, սակայն, նշել է, որ թյուրիմացաբար է գրել, թե քննիչն այցելել է Պետրոսյանի բնակարան ու նրան տանը չգտնելով ձերբակալման որոշում է կայացրել: Դատախազը ենթադրել էր, որ միայն այդ պայմաններում կարելի էր ձերբակալել անձինք»,-ասաց Բաղդասարյանը: Ի դեպ, դատարանում փաստաբանն այսօր տեղեկացել է, որ դատախազ Առաքելյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Բաղդասարյանն այսօր տեսակցել է Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Վարդան Պետրոսյանին: Նրա փոխանցմամբ, դերասանն ապաքինման կարիք ունի:
Հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ ՎԱԶ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետեւանքով զոհվել են հորեղբորորդիներԷդգար և Էդուարդ Հակոբյանները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է: