Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2014թ. կարող է հասնել 1 միլիոնի. հետազոտություն
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման այլընտրանքների շարքում պետք է կարեւորվեն գյուղական տուրիզմը եւ էկոտուրիզմը: Պատմամշակութային տուրիզմից պետք է անցում կատարվի դեպի նշված ուղղությունները եւ զբոսաշրջային ներքին երթուղիները պետք է վերակառուցվեն այնպես, որ հնարավորություն տան ներքին եւ արտաքին զբոսաշրջիկներին ունենալ գիշերակացի եւ վերջինիս սպասարկման հնարավորություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս եզրահանգմանն է հանգել Avenue Consulting Group խորհրդատվական ընկերությունը, որը համակարգում է այս գաղափարի զարգացման համար փորձագիտական-խորհրդատվական խմբի աշխատանքները։ Ընկերության կանխատեսումների համաձայն՝ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը մինչեւ 2014թ. ավարտ տարեկան կհասնի մոտ 1 միլիոնի, ինչը՝ 20 անգամ ավելի է, քան 2000թ. ցուցանիշը: «Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, որը ՀՀ կառավարության կողմից գերակա ոլորտների շարքին է դասվում, զգալի աճ է գրանցել՝ տարեկան մոտ 25 տոկոս: Ընդ որում, վերջին 5 տարիների ընթացքում տեղի են ունեցել նաեւ զբոսաշրջության ոլորտի որակական փոփոխություններ. ստեղծվել են համապատասխան ենթակառուցվածքներ (բարձրակարգ հյուրանոցներ, սննդի սպասարկման ծառայություններ), ձեւավորվել են կայուն գործող զբոսաշրջային երթուղիներ, զարգացել են ծառայությունների եւ սպասարկման ոլորտները»,-նշված է զեկույցում։
Ընկերությունն իրականացրել է այդ գաղափարի իրատեսականության ուսումնասիրությունը (feasibility study), որի նախնական արդյունքների համաձայն Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում ցանցային համակարգի միջոցով հնարավոր է ստեղծել մինչեւ 5000 ննջատեղ ունեցող 500 միավոր հյուրատներ մոտ 150 գյուղական համայնքներում: Հյուրատների ցանցային համակարգի ստեղծման համար կպահանջվի մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում: Ընդ որում, նախատեսվում է, որ նշված ներդրումները հիմնականում պետք է իրականացվեն հյուրատների սեփականատերերի կողմից (գյուղական համայնքի բնակիչների սեփական միջոցներ, հիփոթեքային վարկային ռեսուրսներ), ովքեր նախնական ուսումնասիրության արդյունքում կբավարարեն հյուրատների ցանցային համակարգի պահանջներին եւ չափորոշիչներին։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ զբոսաշրջության ոլորտից ստացվող համախառն եկամուտը կավելանա տարեկան 8-10 միլիոն ԱՄՆ դոլարով:
Այսօր Հայաստանում կան գյուղական տուրիզմի եւ էկոտուրիզմի հաջողված նախադեպեր, սակայն դրանք առանձին դեպքեր են եւ չեն համարվում այս ոլորտում համակարգային մոտեցման արդյունքներ: «Դրանց բացակայության լրացումը պետք է կատարվի զբոսաշրջության ռազմավարության վերանայմամբ: Վերջինիս արդյունքում զբոսաշրջային հոսքի ուղղումը դեպի մարզեր եւ գյուղական համայնքներ պետք է կազմակերպվի հստակ պլանավորված գործողությունների ծրագրով: Բացի պետության կողմից համապատասխան ենթակառուցվածքային լուծումների ապահովումից՝ անհրաժեշտ է նաեւ ստեղծել համապատասխան մեխանիզմներ, որոնք խթան կհանդիսանան գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման նպատակով մասնավոր հատվածի կողմից կատարվելիք ներդրումների համար»,-նշվում է զեկույցում։
2013թ. առաջին ինն ամիսներին հանրապետություն են ժամանել 677 հազար 906 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.4 տոկոսով: Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2013թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 27.0 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 37.2 տոկոսը` ԵՄ երկրներին և 35.8 տոկոսը` այլ երկրներին: Ի դեպ, 39.6 տոկոսով ավելացել է հյուրանոցների քանակը, որոնք ընդունել են միջազգային զբոսաշրջիկների՝ կազմելով 74 հյուրանոց: