«Արմավիա»-ի աշխատակիցները պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմավիա» ավիաընկերությունը խոստանում է ընկերության նախկին աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարել տոներից հետո, սակայն պարտքի մեծության հետ կապված առկա են որոշ անհամապատասխանություններ: «Արմավիա»-ի նախկին աշխատակցուհի, բորտ-ուղեկցորդ Մերի Քալանթարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ավիաընկերությունն իր 66 նախկին աշխատակիցներին պարտք է շուրջ 100 միլիոն դրամ, որն իր մեջ ներառում է 4-5 ամսվա աշխատավարձ, օրապահիկ և վերջնահաշվարկի գումար: Քալանթարյանը խոսքով՝ «Արմավիա»-ն խոստացել է վճարում կատարել 2 ինքնաթիռների վաճառքից հետո: «Ինքնաթիռները վաճառվել են, սակայն վճարում չի կատարվել»,- ասաց նախկին աշխատակցուհին: Քալանթարյանն ասաց, որ աշխատակիցները դիմել են Աշխատանքի պետական տեսչություն:
«Արմավիա» ընկերությունից «Արմենպրես»-ին հայտնեցին հետևյալը. «Ինչ վերաբերում է աշխատավարձերի մասով պարտքերին, ապա մնացել է միայն մեկ ամսվա պարտք: Ծննդյան տոների կապակցությամբ դրամական փոխանցումները ինչ-ինչ բարդություններով են պայմանավորված, ուստի դրանք կարվեն տոներից հետո»:
«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր սնանկության գործընթաց սկսելու մասին ու ապրիլի 1-ից դադարեցրել էր չվերթները։ «Արմավիա»-ն չկայացած չվերթների դիմաց տոմսերի փոխհատուցում է կատարել:Ավիաընկերությունը գույք ու ինքնաթիռներ է վաճառքի հանել կուտակված պարտքերը մարելու համար: