Հասարակական

ՀՀ Նախագահի նստավայրի հյուրերն էին զոհված և հաշմանդամ ազատամարտիկների երեխաներն ու թոռները

3 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահի նստավայրի հյուրերն էին զոհված և հաշմանդամ ազատամարտիկների երեխաներն ու թոռները

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զոհված և հաշմանդամ ազատամարտիկների, Արցախյան ազատամարտի վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները դեկտեմբերի 24-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալվեցին ՀՀ նախագահի նստավայրում: Միջոցառման ընթացքում երեխաների ուրախ ժամանցն ապահովեցին հեքիաթների ուրախ կեպարները, խաղավարները, ինչպես նաև Նոր տարվա խորհրդանիշներ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ընդունելության ընթացքում երեխաներին ողջունեց և իր բարեմաղթանքները հղեցՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում ներկայությամբ էլ վառվեց Նախագահի նստավայրի շքեղ տոնածառը:

«Սիրելի Ձմեռ պապիկ, երեխաներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին, մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանիկ մանկություն: Մեր գլխավոր հրաշք գործողը Ձմեռ պապիկն է, դուք էլ կարող եք հրաշքներ գործել, բայց դրա համար պետք է լավ սովորեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց առաջին տիկինը` կատակելով, որ Ձմեռ պապն էլ է լավ սովորել:

ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի սպա, կապիտան Նունե Աբաղյանը նշեց, որ ԼՂՀ-ից այս տոնական միջոցառմանը մասնակցում են պաշտպանության բանակի առաջնային զորամասերի 20 զինծառայողների երեխաներ:

«Երեխաները շատ հուզված են և բոլոր փոքրիկների նման նվերներ են սպասում: Նրանք ցանկանում են Ձմեռ պապիկին խնդրել, որ Ղարաբաղի, Հայաստանի սահմաններն անառիկ պահվեն և մարդիկ կարողանան ապրել խաղաղ երկնքի տակ, այլ ոչ թե պատերազմական ժամանակաշրջանում»,- նշեց Աբաղյանը:

Վարդենիսի երկրորդ բանակային կորպուսի մայոր Արմեն Սարգսյանը նշեց, որ երեխաների համար այս ընդունելությունն առավել քան խորհրդանշական է:«Միգուցե հաջորդ անգամ չստացվի հյուրընկալվել Նախագահի նստավայրում. սա մի առիթ է, որը երեխաները կհիշեն ամբողջ կյանքում»,- կարծիք հայտնեց Սարգսյանը:

Էրիկ Արզումանյանը 9 տարեկան է, Լեռնային Ղարաբաղից Երևան է եկել առաջին անգամ: Իր համար մեծ ուրախություն է լինել ՀՀ Նախագահի նստավայրում և տեսնել հսկայական տոնածառը:«Ձմեռ պապիկից ավտոմեքենա եմ խնդրելու, իսկ Արցախի համար` ուրախություն»,- նշեց Էրիկը:

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի դպրոցի աշակերտ 11-ամյա Սերգեյ Մուսայելյանը նշեց, որ Ձմեռ պապիկից Արցախի համար խաղաղություն է խնդրելու:

Տոնական միջոցառման ավարտին երեխաները Ձմեռ պապից ստացան իրենց սպասած նվերները:

Դեկտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին նաև Հայաստանում բնակվող սիրահայ մոտ 200 երեխաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում