Հարցազրույց

Հայկական բռնցքամարտը պետք Է վերադարձնի իր ավանդույթները. Դավիթ Թորոսյան

7 րոպեի ընթերցում

Հայկական բռնցքամարտը պետք Է վերադարձնի իր ավանդույթները. Դավիթ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտը վերջերս որոշ անկում Է ապրում, ինչը եւ դարձավ այս մարզաձեւում կադրային փոփոխությունների պատճառը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Է նշանակվել Հայաստանի ամենաճանաչված բռնցքամարտիկներից մեկը` օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր Դավիթ Թորոսյանը:

Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Դ. Թորոսյանի հետ:

-Պարոն Թորոսյան, Ձեզ համար այս նշանակումն անսպասելի՞ Էր:

-Ոչ, որովհետեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահի` անվանի բռնցքամարտիկ Արթուր Գեւորգյանի հետ մենք զրուցել Էինք Հայաստանի բռնցքամարտի ներկայիս վիճակի շուրջ: Եվ որոշվել էր, որ այս նշանակման կարիքը կա, պետք Է փոխել իրավիճակը, որում այժմ գտնվում Է մեր բռնցքամարտը:

-Դուք ժամանակին երկու անգամ նշանակվել եք այս պաշտոնին:

-1988-1989 թվականներին հայկական բռնցքամարտը շատ ծանր վիճակում Էր: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո մեր բռնցքամարտի բազային քաղաքները՝ Գյումրին եւ Վանաձորը, փաստորեն, զրկվել էին բռնցքամարտի բազայից: Վիճակն այնքան ծանր Էր, որ մասնագետները ուղղակի չէին հավատում, թե այդ պայմաններում հնարավոր Է ինչ-որ բան անել: Բայց արդեն իսկ բռնցքամարտի ԽՍՀՄ հերթական առաջնությունից մենք բերեցինք մի քանի ոսկե մեդալ` չխոսելով արդեն այլ հարգի մեդալների մասին: Բայց 1,5 տարի անց, երբ տեսա, որ իմ աշխատանքը համապատասխան գնահատանքի եւ աջակցության չի արժանանում, կամավոր հրաժարական տվեցի: Նույնն եղավ նաեւ 2001-2002 թվականներին աշխատելուց հետո, երբ նորից վերադարձա այս պաշտոնին եւ նորից ստիպված հեռացա` իմաստ չտեսնելով հետագա աշխատանքի մեջ: Ինձ համար դժվար Է աշխատել մարդկանց հետ, ովքեր ոչ թե իրենք են ծառայում բռնցքամարտին, այլ փորձում են օգտագործել այն անձնական շահերի համար:

Մեկնեցի ԱՄՆ, որոշ ժամանակ ապրեցի այնտեղ, ցանկության դեպքում կարող Էի շարունակել մնալ այդ երկրում, բայց կարոտն ինձ Հայաստան կանչեց:

- Դուք զգացիք, որ ձեր տեղը Հայաստանո՞ւմ Է:

- Կյանքը պետք Է իմաստ ունենա, իսկ ես ինչպե՞ս կարող եմ անտարբեր մնալ մեր բռնցքամարտի նահանջի նկատմամբ, երբ տարբեր` ե’ւ օբյեկտիվ, ե’ւ սուբյեկտիվ պատճառներով հայկական բռնցքամարտը, որն աշխարհին տվել Է օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ Վլադիմիր Ենգիբարյան, Իսրայել Հակոբկոխյան, Նշան Մունչյան, Ալբերտ Նիկոլյան, Սամսոն Խաչատրյան , Եվրոպայի գավաթակիր Սուրեն Ղազարյան եւ շատ այլ մարզիկների, չխոսելով արդեն մեդալակիրների մասին, այսօր նահանջ Է ապրում եւ զիջում Է նույնիսկ այն երկրներին, որոնք ժամանակին վիճակահանության ժամանակ աղոթում Էին, որ միայն թե չհանդիպեն հայ մարզիկների հետ: Այսօր հակառակ երեւույթն Է նկատվում՝ հայ մրցակիցը համեմատաբար հեշտ Է թվում: Իսկ ինչո՞ւ մենք պետք Է զիջենք: Ո՞վ Է ասել, որ մենք ի վիճակի չենք հաղթել կուբացիներին: Ժամանակին, ես դա ասում եմ նաեւ սեփական փորձից ելնելով, հայ բռնցքամարտիկները կուբացիների համար լուրջ խնդիր Էին: Բռնցքամարտը պատկանում Է հայկական ազգային մարզաձեւերին, սա մե’ր սպորտն Է, եւ մե’նք պետք Է վերականգնենք մեր բռնցքամարտի ավանդույթները:

-Ի՞նչն եք համարում ներկայիս վիճակի պատճառը, եւ որո՞նք են եղել ձեր առաջին քայլերը այս պաշտոնում:

-Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքը կախված Է ակն մարզիչների աշխատանքից, ում սաները տեղ են զբաղեցնում ազգային թիմում: Նա պետք Է որակյալ կադրեր ստանա: Ես չեմ ցանկանում գնահատական տալ կոնկրետ մարզիչներին, վստահ եմ, որ նրանցից ամեն մեկը ցանկանում Է լավ աշխատել, արդյունքի հասնել, եւ նրանց բոլորին հրավիրում եմ մշտական համատեղ աշխատանքի: Բայց, նախ եւ առաջ մենք պետք Է կոնկրետ որոշենք, թե ինչ նպատակ ենք դնում թիմի առջեւ, մրցումների մեկնելուց իմանանք` ո՞ր տեղին ենք հավակնում: Ես արդեն ծանոթանում եմ մեր մարզիկների հետ, ուսումնասիրում նրանց հնարավորությունները, ներկա լինում նրանց մարզումներին: Բռնցքամարտում կարիք չկա հեծանիվ հորինել՝ անհրաժեշտ Է ճիշտ ծրագրել եւ կազմակերպել աշխատանքը: Դա անվանում են հարահոսային մեթոդ, երբ աշխատանքը սկսվում Է դրա նկատմամբ քո անհատական վերաբերմունքից. ամեն մեկն ինքը պետք Է կարգավորի այն, աշխատի համապատասխան ռեժիմով, լինի արագ, պատրաստ լինի ակտիվ աշխատանքի: Դա վերաբերում Է նաեւ մարզիչներին: Ես զրուցել եմ մարդկանց հետ: Ինձ թվում Է, որ ինձ սկսել են հասկանալ` թեեւ միշտ չԷ, որ միանգամից: Մենք միասին պետք Է աշտատենք արդյունքի հասնել: Շատ ցավալի Է, որ հայ բռնցքամարտիկները միջազգային մրցումներում առանց մեդալի են մնում, եւ նման անհաջողությունները կարիք չկա բացատրել օբյեկտիվ պատճառներով: Դա բարոյալքում Է մարզիկներին: Իսկ սա շատ նուրբ մարզաձեւ Է, այն հատուկ կամային ուժ Է պահանջում: Պատկերացրեք, որ բռնցքամարտիկները հաճախ ոչ թե մրցակցից են վախենում, որին կարող են եւ չճանաչել, որքան` ռինգում պարտություն կրելուց, բազմահազար հանրության առջեւ հարվածներ, նոկաուտի եւ նոկդաունի ենթարկվելուց: Այստեղ հատուկ հոգեբանություն Է անհրաժեշտ:

Ամեն մրցամարտ իր՝ ճիշտ տակտիկան Է պահանջում, մանեւրելու հնարավորությունները: Ընդհանրապես, բռնցքամարտը պետք Է լուրջ գիտական, վերլուծական բազա ունենա, որպեսզի մեր աշխատանքը ճիշտ ուղղությամբ ընթանա: Հաշվի առեք, որ սպորտում շատ են բազմաթիվ նրբությունները` նաեւ մրցավարության հետ կապված: Բայց մարզիկը պետք Է իր վրա վստահ լինի եւ հաղթի նախ ինքն իրեն, այս դեպքում նրան ոչինչ եւ ոչ ոք չեն խանգարի:

-Դուք վստա՞հ եք, որ ներկայիս իրավիճակը հայկական բռնցքամարտում հնարավոր Է շտկել:

-Իհարկե, հակառակ դեպքում չԷի զբաղեցնի հավաքականի գխավոր մարզչի պաշտոնը: Ասեմ ձեզ, որ ես ինչ-որ տեղ նաեւ ձեր գործընկերն եմ: Իմ առաջին կրթությունը ժուռնալիստիկան Է, իսկ երկրորդը՝ տնտեսագիտականը: Այնպես որ, ես ինձ աշխատանք կգտնեմ, բայց իմ իսկական գործը՝ ռինգն Է, ռինգը ձգում Է ինձ:

Զրույցը վարեց Զավեն Վարդանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում