Հասարակական

Դավութօղլուին Երևանում նվիրել են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների գիրքը

2 րոպեի ընթերցում

Դավութօղլուին Երևանում նվիրել են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների գիրքը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին Երեւանում յուրօրինակ նվեր են մատուցել: Նրան է հանձնվել «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանն այն թուրք նախարարին է փոխանցել թուրքական պատվիրակության անդամներից մեկի միջոցով: Առաջարկը հնչել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրում հաղորդավար Նվեր Մնացականյանի կողմից, երբ հաղորդման հյուրասրահում գրքի հեղինակ Վերժինե Սվազլյանն էր: Վերջինս էլ ընդունել է առաջարկը և խնդրել գիրքը փոխանցել Թուրքիայի ԱԳ նախարարին:

Գրքի թուրքալեզու տարբերակը հրատարակվել է վերջերս՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ թուրք անվանի հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուին պատկանող «Բելգե» հրատարակչությունում: Ինքը՝ Զարաքոլուն, ներկա էր դեկտեմբերի 11-ին գրքի թուրքալեզու տարբերակի երևանյան շնորհանդեսին:

Հայերեն և անգլերեն տարբերակներն ունեցող, իսկ այժմ արդեն թուրքերեն գիտական ուսումնասիրությունը ամփոփում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների 700 միավոր վկայությունները:«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն թարգմանությունը հրատարակվել է Ստամբուլում` 1500 օրինակով: Այս ժողովածուն այնքան բացառիկ է ու այնքան աննախադեպ նյութ է պարունակում, որ նոր բացահայտումների հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության հարցով հետաքրքրվողներին ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում