Իրավունք

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մոդելի հանրայնացումը կախված է տուժող կողմից. փաստաբան

4 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մոդելի հանրայնացումը կախված է տուժող կողմից. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մոդելը նրա փաստաբանը դեռ չի ներկայացրել տուժող կողմին: «Վթարի մոդելավորված տարբերակը դեռ տուժող կողմին չենք ներկայացրել, սպասում էինք, որ անցներ վթարում զոհված երիտասարդների մահվան քառասուն օրը` հարազատների վիշտն ավելի չծանրացնելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` նշելով, որ այս պահին տարբեր երկրների մասնագետներ ևս աշխատում են վթարի մոդելների ստեղծման վրա, որպեսզի առավել հավաստի տարբերակ ստացվի: «Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ վթարի օբյեկտիվ պատկերը, որը չի ստացվի այս կամ այն կողմի ցուցմունքի հիման վրա, որը շատ հաճախ սուբյեկտիվ է: Մոդելավորումը թույլ է տալիս օբյեկտիվ ճշմարտության դաշտում տեսնել կողմերի դերակատարումը վթարի ժամանակ: Տեսականորեն` «Նիվա»-ն բաց է թողել աջ գնացող ճանապարհը, հետընթաց է կատարել` խոչընդոտ հանդիսանալով երթևեկություն իրականացնող մյուս մեքենաների համար: Այն փաստարկը, որ բերում է տուժող կողմը, թե կողմնակում է (ճանապարհի երթևեկելի մասից դուրս-խմբ.) տեղի ունեցել վթարը, այդպես չէ, քանի որ այդ դեպքում ավտոմեքենաներն այլ դիրք են ընդունում»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վթարի ենթարկված «Նիվա» մակնիշի մեքենայի հետևի հատվածում տեղադրված է եղել գազի տարա, որն էլ հենց անմիջականորեն բախվել է ետնամասում նստած երիտասարդներին:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով`ինքն արդեն գիտի` ինչպես է տեղի ունեցել վթարը և ակնկալում է, որ տուժող կողմը կհամաձայնի միասին քննել հարցը, որպեսզի դուրս բերվի օբյեկտիվ ճշմարտությունը: Հարցին, թե փաստաբանը պատրաստվում է վթարի մոդելը ներկայացնել հանրությանը` հաշվի առնելով դեպքի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դա կախված է տուժող կողմից: «Եթե տուժող կողմը հետաքրքրություն դրսևորի և համաձայնի միասին բացահայտել օբյեկտիվ ճշմարտությունը, ապա մոդելավորված տարբերակը հրապարակելու կարիք չի լինի: Հակառակ դեպքում` մենք ստիպված կլինենք վթարի մոդելավորված տարբերակը հանձնել հանրության դատին: Իհարկե, հասկանալի է, որ տեղի է ունեցել մեծ ողբերգություն, մահացել են երիտասարդներ, բայց չպետք է հանդես գալ այն դիրքերից, որ «Նիվա» մակնիշի մեքենան չի ունեցել մեղավորություն վթարում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանի փաստաբանը նշեց, որ վաղը կամ մյուս օրը կդիմի Վճռաբեկ դատարան` դերասանի կալանավորման որոշումը բողոքարկելու համար: «Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը դեպի լավն է գնում, նա ստանում է դեղորաքային բուժում, որը, սակայն, բավարար չէ լիովին ապաքինվելու համար»,- հայտնեց փաստաբանը:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 22:22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Վթարի ենթարկվածմյուսանձը` Տաթեւ Հակոբյանըլուրջմարմնականվնասվածքներէրստացել: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին`1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:Նրանկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասությանդատարանըկիրառելէերկամսյակալանք,իսկ Վերաքննիչ դատարանը չի բավարարելբողոքարկմանդիմումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում