«Միասնական քննչական մարմնի մասին» օրենքի նախագիծը կներկայացվի կառավարությանը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաստեղծ Միասնական քննչական մարմինը շուտով կսկսի իր գործունեությունը, ինչի մասին օրենքի նախագիծն ու օրենսդրական փոփոխությունների փաթեթը կներկայացվեն կառավարությանը և քննարկման կդրվեն ՀՀ ԱԺ-ում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմների 24-ի կարգադրությամբ ստեղծված Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին և հատուկ հրավիրված մասնագետներին ներկայացրեց այդ մարմնի ստեղծման առաջնահերթությունն ու օրենսդրական փոփոխությունները: «Մարմնի ստեղծման համար կար «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծ մշակելու և ՀՀ-ում գործող բոլոր օրենսդրական դրույթների մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:Օրենքի նոր նախագիծն ու փոփոխությունների փաթեթն արդեն ներկայացվել է հանրապետության նախագահի աշխատակազմ և արդարադատության նախարարին` հետագայում դրանց ընթացք տալու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Աղվան Հովսեփյանը:
Մարմնի ստեղծման համար կազմավորված հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների, պետական կառույցների ներկայացուցիչների, միջազգային կառույցների և արտասահմանյան փորձագետների հետ: Հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ, յուրաքանչյուր հարց քննարկվել է գիտնականների, այդ բնագավառում գործնական և տեսական գիտելիքներ ու մոտեցումներ ձևավորած անձանց հետ: «Մենք այս աշխատանքների ընթացքում Եվրամիության խորհրդատվական խմբից ստացել ենք փորձագետների միջանկյալ եզրակացություն, ինչպես նաև նրանց իսկ օգնությամբ հրավիրել քրեական դատավարության բնագավառի փորձագետի, ում արդեն տրամադրել ենք նախագծի անգլերեն տարբերակը»,- նշեց նա` հավելելով, որ հանդիպման նպատակը քննչական կոմիտեի ստեղծման մասին հանրային իրազեկումն ու ԶԼՄ-ների միջոցով հանրությանը ճշգրիտ ու ամփոփ տեղեկատվություն տալն է:
«Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Նախագահը տասնօրյա ժամկետում կնշանակի կոմիտեի նախագահին: Վերջինս էլ հինգօրյա ժամկետում կնշանակի տեղակալներ, ինչից հետո կհաստատվի մարմնի կառուցվածքը: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ, այս մարմինը կձևավորվի ՀՀ ոստիկանության համակարգում և Պաշտպանության նախարարությունում` արդեն իսկ գործող քննչական մարմինների հենքի վրա:
Հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, ներկայացնելով հանձնաժողովի կատարած աշխատանքները, նշեց, որ իրենք պատրաստել են օրենսդրական երկու նոր ակտ` «Քննչական կոմիտեի» և «Քննչական դեպարտամենտի մասին» օրենքները: «Քննչական կոմիտեի` որպես առանձին պետական մարմնի, իրավական կարգավիճակը սահմանող օրենքի նախագծի հիմքում դրվել են մի շարք սկզբունքային գաղափարներ: Առաջինը քննչական աշխատանքի կամ նախաքննության կազմակերպման միասնական մոտեցումների ապահովման մեխանիզմն է: Մենք ներկայում ունենք հինգ քննչական մարմին, որոնք իրականացնում են նախաքննություն, ինչի ընթացքում առնչվում են մարդու իրավունքների սահմանափակմանը»,- նշեց մասնագետը և ավելացրեց, որ քննչական աշխատանքը քրեական դատավարության այն աշխատանքներից է, որտեղ ուղղակիորեն սահմանափակվում են մարդու իրավունքները:
Ղամբարյանը տեղեկացրեց, որ տարբեր գերատեսչությունների քննիչներ քննչական հայեցողությունը կիրառում են տարաբնույթ եղանակներով, և շատ դեպքերում հասարակությունն արդեն տեսնում է, որ նմանատիպ հարցերի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների քննիչների կողմից առկա են տարբեր մոտեցումներ: Նրա գնահատմամբ, կարևոր է քննչական միասնական աշխատանքի ապահովման խնդիրը, ինչի պատճառով «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծում կոմիտեի նախագահի լիազորություններում սահմանվել է, որ նա պարտավոր է սահմանել նախաքննության կազմակերպման միասնական ուղեցույցներ: «Սա մեր իրավական մշակույթի մեջ նոր մոտեցումներից է, երբ պետական մարմնի ղեկավարը օրենսդրական պահանջի տեսքով նախատեսում է որոշակի ուղեցույցներ, որոնց միջոցով հնարավորություն կլինի քննիչների հայեցողությունն ավելի կանխատեսելի դարձնել: Երկրորդ խնդիրը քննչական մարմնի աշխատակիցների կամ քննչական կոմիտեի ծառայողների անկախության ապահովման գաղափարն է: Նախագահի հրամանագրի հիմքում նույնպես կա այդ գաղափարը»,- շեշտեց իրավաբանը:
Աշխատանքային թիմի կողմից նախագծի մեջ անկախության ապահովման երկու ուղղություն է ներմուծվել` արտաքին և ներքին: Արտաքինն ապահովելու համար հստակ դրույթներ են նախատեսված: Այդպիսով` քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ միջամտությունն արգելվում է:
Նախագծի համաձայն` քննչական մարմինների ծառայողները պարտավոր են որակավորման կուրս անցնել: Արթուր Ղամբարյանը նշում է, որ նախագծում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ քննչական կոմիտեի ծառայողները պետք է նշանակման կարգի տեսանկյունից ունենան որոշակիորեն բարդացված նշանակում: Այդ նշանակումն այսօր հավասարեցված է դատախազների նշանակման կարգին: Այսինքն` քննչական կոմիտեի ծառայող դառնալու համար պետք է կրթություն ստանալ և տարին մեկ անգամ վերապատրաստվել Արդարադատության ակադեմիայում: